Մադրիդի «Ռեալ»-ը նշում է հիմնադրման 115-ամյակը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մադրիդի «Ռեալ»-ը նշում է հիմնադրման 115-ամյակը

Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը նշում է հիմնադրման 115-ամյակը: 1902թ. մարտի 6-ին պաշտոնապես հիմնադրվել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, որը հետագայում պետք է դառնար աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը:

115-ամյա պատմության ընթացքում «Ռեալ»-ը 11 անգամ նվաճել է ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի` Չեմպիոնների լիգայի գավաթը, 32 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 19 անգամ` Իսպանիայի գավաթակիր, երկու անգամ` Եվրոպայի սուպերգավաթակիր, 2 անգամ` ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, 9 անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր:

Տարբեր տարիների ընթացքում «Ռեալ»-ի կազմում հանդես են եկել այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ալֆրեդո դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկաշը, Ուգո Սանչեսը, Սանտիլյանան, Ռաուլ Գոնսալեսը, Զինեդին Զիդանը, Ռոբերտո Կառլոսը, Ռոնալդոն, Իկեր Կասիլյասը և այլն:

Այժմ էլ «Ռեալ»-ը ունի աշխարհում ուժեղագույն կազմերից մեկը: Թիմի կազմում են հանդես գալիս 2016թ. լավագույն ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, համաշխարհային մակարդակի ֆուտբոլային աստղեր Գարեթ Բեյլը, Քարիմ Բենզեման, Թոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը, Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Դանիել Կարվախալը, թիմի մարզադպրոցի երիտասարդ ու տաղանդավոր սաներ, ովքեր վերջերս համալրել են գլխավոր թիմի կազմը:

Ակումբն ընթացիկ մրցաշրջանում շարունակում է պայքարը երկու մրցաշարերում: Թիմը պայքարում է Իսպանիայի չեմպիոնի կոչման համար և շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի մրցաշարում: ՉԼ 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության է մատնել իտալական «Նապոլի»-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին Նեապոլում: Իսպանիայի առաջնությունում թիմը 1 միավոր զիջում է կատալոնական «Բարսենոլա»-ին, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: