Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վաղը՝ Մարտի 8–ին, կկայանա «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգը։ Համերգին ընդառաջ տղաները հայտնվեցին սկանդալի կիզակետում, քանի որ «Հանրապետական» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց «Ռեինկարնացիայի» կատարմամբ «Փոխենք աշխարհը» տեսահոլովակով:
«Ռեինկարնացիան» հայտնվեց քննադատությունների թիրախում, իսկ մենակատար Ռոլանդ Գասպարյանը նույնիսկ ապաակտիվացրել է ֆեյսբուքյան էջը։ Այս ամենը ենթադրությունների տեղիք տվեց, որ նրանց մենահամերգը կձախողվի՝ տոմսերի վաճառքի տեսանկյունից։ Tert.am Life–ը տոմսերի վաճառքի դինամիկայի մասին խոսեց համերգի կազմակերպիչ «Mark Production»–ի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Մարգարյանի հետ։
Վերջինս նշեց, որ սկանդալը մենահամերգի վրա բացասական ազդեցություն չի ունեցել, սակայն փաստեց, որ երեկվա ընթացքում տոմսերի վերադարձ եղել է։ «Եղել են դեպքեր, երբ մարդիկ տոմսերը վերադարձնելու ցանկություն են հայտնել։ Հանգիստ եկել են, վերցրել գումարը և հետ գնացել։ Վերադարձված տոմսերի թիվն անգիր չեմ հիշում, բայց ընդամենը 20 կամ մի քիչ ավելի էր»,– ասաց նա։
Ըստ Դավթի՝ դրան զուգահեռ ավելացել է տոմսերի վաճառքի թիվը։ «Այս պատմությունը համերգի վրա բացարձակ վատ ազդեցություն չի ունեցել։ Ճիշտ հակառակը՝ վերջին 2 օրվա ընթացքում ավելի շատ տոմս ենք վաճառել։ Այժմ մնացել է ընդամենը 106 տոմս»,– ասաց նա։
Պրոդյուսերից հետաքրքրվեցինք, թե ինչու են խմբի համերգը կազմակերպել Համալիրի փոքր դահլիճում՝ հաշվի առնելով, որ «Ռեինկարնացիայի» երաժշտության ռիթմերը պարային են, հազիվ թե, ստացվի նրանց նստած լսել։ «Պատճառը զուտ տեխնիկական է, փոքր դահլիճում ակուստիկան ավելի լավ է։ Սակայն մենք առանձնացրել ենք պարահրապարակ»,– ի պատասխան նշեց նա։