Սյուզան Մարգարյանը` իր չարաբաստիկ հիվանդությունը հաղթահարելու, թոռնիկների և Սիրուշոյի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Սյուզան Մարգարյանը` իր չարաբաստիկ հիվանդությունը հաղթահարելու, թոռնիկների և Սիրուշոյի մասին. life.tert.am

Tert.am Life–ը Մարտի 8–ի` կանանց միջազգային օրվա առթիվ զրուցել է երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ։ Նա խոսել է հայ կնոջ կերպարի, մերօրյա կանանց խնդիրների, իր հիվանդության, Սիրուշոյի, թոռնիկների մասին։

–Տիկին Սյուզան, որքանո՞վ են այսօր պաշտպանված կանանց իրավունքները։

–Ցավում եմ, որ նախադասությունս պետք է սկսեմ, ցավոք սրտի, բառակապակցությամբ, բայց այսօր, իսկապես, մեր իրականության մեջ կանանց զգալի մասը անպաշտպան է։ Իրենց կյանքում այնքան բացեր, խնդիրներ ու հոգսեր կան, որ որքան էլ ուշադրության արժանանան, մեծարվեն, միևնույն է, քիչ է։ Հայ կնոջ տեսակը աշխարհում եզակիներից է։ Նա անսահման նվիրված է և՛ զավակներին, և՛ ընտանիքին, և՛ այն ամենին, ինչ իրեն շրջապատում է։ Հայ կնոջ մեջ ազնվությունն ու պարկեշտությունը գագաթնակետային մակարդակի են։  Շատ կցանկանայի, որ հենց հայ կինը լիներ գերպաշտպանված. ապրեր բարեկեցիկ կյանքով և զգար անսահման հոգատարություն։ Այսօր հայ կնոջ մի տեսակ ունենք, որ բոլորիս սրտում է։ Խոսքը վիշտ կրող մայրերի մասին է։ Ամեն մի զոհի մասին լսելիս այնքան արցունք եմ թափում, լավ եմ պատկերացնում որդեկորույս մոր վիճակը։ Չեմ ուզում, որ մոր աչքից արցունք գա։

–Ի՞նչ է պետք այսօրվա կնոջը`երջանիկ լինելու համար։

–Առաջին հերթին՝ խաղաղություն։ Յուրաքանչյուր կին այնքան ցավ է ապրում, որը միայն խաղաղության դեպքում կանցնի։ Մյուսը` բարեկեցությունն է։ Խոսքը չափազանց հարուստ կյանքի մասին չէ։ Ամենապարզ բաների մեջ էլ լինել կարող է այդ բարեկեցությունը։ Ես տարիներ շարունակ ասում եմ այս մասին՝ երբ կնոջ ձեռքի տակ լինեն կենցաղային ամենապարզ իրերը, կինը իր ժամանակը կխնայի և իրենով կզբաղվի, ոչ թե գերի կգնա այն ամենին, ինչ պահանջում է կենցաղը։ Այսօր կյանքը հեշտացել է, բայց, միևնույն է, մեր գյուղերում այնքան վատ ապրողներ կան, որոնք չունեն ամենապարզ պայմանները, որ իրենց կին զգան։ Ամենակարևոր բանն է, որ կինն իրեն կին զգա։ Ուզում եմ կինն անհոգ լինի։ Յուրաքանչյուրն էլ իր կյանքում ունենում է հոգսի տեսակը։ Ուզում եմ, որ այդ հոգսառատ կանայք ձերբազատվեն դրանից։

–Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ։

– Կարող եմ համարել ինձ երջանիկ, քանի որ շրջապատված եմ ընտանիքի հոգատար անդամներով։ Նույնիսկ նեղվում եմ, երբ հիվանդանում եմ ու զգում եմ չափազանց շատ հոգատարություն։ Ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ իմ ընտանիքում խաղաղություն է։ Մենք այնպես ենք արել, որ մոտենանք մարդկային կյանքին, նորմերին։ Ինձ երջանկացնում են իմ թոռնիկները։ Որևէ մասնագիտություն, որևէ իրավիճակ չեն կարող այնքան ուրախացնել, որքան իրենց գոյությունը։

–Ձեր կյանքում ի՞նչ դժվարություններ են եղել։

–Ինչպես բոլորը, մենք էլ ենք անցել դժվարին տարիներ։ Բայց, Փառք Աստծո, շրջապատված ենք եղել այնքան բարի, ազնիվ մարդկանցով, որ կարողացել ենք հաղթահարել։ Միշտ շնորհակալ եմ եղել ճակատագրին, որ հանդիպել եմ հրաշալի մարդկանց։ Ընտանիքիս անդամների հետ մեր համառության, պնդության շնորհիվ շատ դժվարություններ եք հաղթահարել, որոնք արդեն անցյալում են։ Ամեն մի դժվարություն հաղթահարել ենք ժպիտով։

–Որոշ ժամանակ առաջ առողջական խնդիրներ ունեիք։  Ինչպե՞ս իմացաք այդ մասին, ինչպե՞ս եք զգում Ձեզ հիմա։

–Անակնկալ ձևով ինձ մոտ բավականին լուրջ հիվանդություն հայտնաբերվեց։ Երևի Սիրուշոյի բնազդն էր, նա ստիպողաբար ինձ ուղարկեց ստուգման։ Դեռ որևէ բան չկար, անգամ նախանշաններ չկային, բայց հայտնաբերվեց չարաբաստիկ հիվանդություն։ Վիրահատություններից հետո, հուսամ, որ ամեն ինչ անցյալում է։ Փառք Աստծո, հիմա փորձում եմ լավ զգալ։

–Պայքարո՞ղ տեսակ եք։

–Համբերատար մարդ եմ և շուտ չեմ հանձնվում, հիասթափվում։ Ամեն ինչի վերջում փորձում եմ տեսնել այդ լույսը։ Ինձ շատ է օգնում հավատը։ Գիտակցում ես, որ ամեն դժվարություն մարդու համար է և պետք է հաղթահարես։

–Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը թոռնիկների հետ։

–Շատ հետաքրքիր։ Մեծ թոռնիկս արդեն խոսում է։ Շատ համով է խոսում։ Խելացի երեխա է։ Նույնիսկ մենք չենք նկատում, որ երբեմն իր հետ վարվում ենք  մեծի պես, բայց հանկարծ անդրադառնում ենք, որ նա ընդամենը 2,5 տարեկան է։ Պարզապես իր մտքերը, իր ուշիմությունը, կենտրոնացումը ստիպում է, որ մենք իր մասին մտածեք որպես ավելի մեծի։ Իսկ փոքրիկը պարզապես համով բալիկ է։ Ռոբերտը շատ ակտիվ է, հետաքրքիր երեխա է։ Աչքից ոչ մի բան չի վրիպում։ Փոքրիկի համար դեռ չենք կարող ասել չարաճճի՞ է, թե` ոչ, քանի որ դեռ գրկի երեխա է։

– Ո՞րն է եղել Ռոբերտի առաջին բառը։

–Առաջինը մամա է ասել։

–Ձեր թոռնիկները նմա՞ն են Սիրուշոյին։

–Շատ եմ նմանեցնում։ Երբեմն, նրանց նայելիս հիշում եմ Սիրուշոյի մանկությունը։ Միշտ Սիրուշոյին ասում եմ` այս տարիքում դու էլ էիր այսպես անում։ Շատ–շատ գծեր կան, որ նման են։ Նախ՝ խելացիությունը։ Մենք Սիրուշոյի հետ էլ ենք փոքրուց խոսել մեծի պես։ Ինքն ամեն ինչ ընկալում էր, խելացի պատասխանում։ Միևնույն ժամանակ, միշտ մանկություն է ունեցել իր մեջ. նույնիսկ հիմա։ Փոքրի մասին դեռ չեմ կարող ասել, բայց մեծ տղան բավականին նման է։ Չնայած՝ պապայի կողմին էլ է շատ նման։

–Հետաքրքիր է, երբ Ռոբերտը տեսնում է իր մայրիկին տեսահոլովակներում ինչպե՞ս է արձագանքում։

–Դեռ շատ փոքրուց, երբ  դիտում էր տեսահոլովակները, հետաքրքիր ռեակցիաներ էր տալիս։ Մի անգամ Սիրուշոյի գրկում էր, երբ հեռուստացույցով պրեմիերան էին ցուցադրում, նայեց մայրիկին, հետո՝ էկրանին ու ամուր գրկեց։

—Ինչպիսի՞ մայր է Սիրուշոն։

Սիրուշոն, չեմ վախենա այս բառն ասել, կատարելագործված մայր է։ Առանց չափազանցության, նույնիսկ խորհուրդներ կհարցնեմ իրենց։ Նախ՝ ամեն ինչին է հետևում։ Երեխաների հետ կապված ամեն մի մանրուք կարևորում է։ Արդեն կազմակերպել է երեխաների գրաֆիկը։ Ամեն ինչը ինքն է որոշում, ինքն է անում։ Բավականին հանգիստ են մեծանում երեխաները, քանի որ գիտեն իրենց ռեժիմը։ Մենք էլ ենք շատ զբաղվել իրենով, բայց նա իսկապես կատարելագործված է։

—Տիկին Սյուզան, երբեք չե՞ք զղջացել, որ Սիրուշոն Ձեր տան միակ զավակն է։

–Զղջացել եմ։ Մեկ երեխան դժվարություն է առաջացնում և՛ ծնողների, և՛  հենց իր համար։ Քանի որ ծնողը չափից դուրս ուշադիր է լինում երեխայի հանդեպ, իսկ երեխան իր վրա է վերցնում ծնողի ամբողջ հոգսը։ Սիրուշոն հենց այդ տեսակն է։ Ինքն իր վրա է վերցնում շատ հոգսեր։ Նա շատ էր ասում, որ ուզում է քույր կամ եղբայր ունենալ։ Դա մի տարիք էր, որն անցավ։ Սիրուշոն տարիների ընթացքում ապացուցեց, որ 10 հոգու տեղ է տալիս։ Մեր դուստրը մեր սխալը չի կրկնել։

–Սիրուշոն ավելի շատ Ձե՞զ հետ է խորհրդակցում, թե՞ իր հայրիկի։

–Երկուսիս հետ էլ, բայց ինքն ավելի շատ պապայի աղջիկ է։ Հայր և դուստր շատ են խորհրդակցում, կիսվում։ Բայց վերջում անում է իր քայլը։

–Սիրուշոյի նորանոր հաջողությունները Ձեզ համար ի՞նչ են նշանակում։

–Հպարտությանս չափ ու սահման չկա։ Ես միշտ հպարտանում եմ իմ դստեր մարդկային տեսակով։ Հազվագյուտ մարդկային հատկություններ ունի։ Իր մասնագիտական արած աշխատանքներով, իր լրջությամբ, մոտեցմամբ. իրենից միշտ կարելի է սովորել։ Նա միշտ ձգտում է ամեն ինչ անել իդեալական, մաքսիմալ որակով։ Չմտածված ոչ մի բան չի անում։ Իր տարիքի համեմատ միշտ հասուն է մտածում։ Երբեք չեմ ունեցել առիթ վատ զգալու։ Միշտ ցանկացել եմ, որ կյանքում գնահատված լինի։ Կարծում եմ՝ այդպես էլ կա. և՛ ծնողների տան է գնահատվել, և՛ իր ընտանիքում, և՛ հանդիսատեսի կողմից։

Ամբողջությամբ՝ life.tert.am