Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Էջմիածնի մարզադպրոցի շինհրապարկում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Տարբեր մարզաձևերի համար նախատեսվող մարզադպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2015 թվականից և նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին: Ծրագրի իրականացման նպատակով պետական միջոցներից հատկացվել է 500 մլն դրամ: Նախատեսվում է մարզադպրոցին կից կառուցել նաև ֆուտբոլի մարզադաշտ: Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերում մարզադպրոցների հիմնման ծրագրերը և հանձնարարել կառուցապատումն իրականացնել ըստ նախատեսված ժամանակացույցի:
Այնուհետև վարչապետն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել ՀԱԷԿ արտադրատնտեսական գործունեության հիմնական ցուցանիշները, ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, կատարվել են շուրջ 4 հազար 500 միավոր սարքավորումների և համակարգերի զննում:
Կարեն Կարապետյանը մարզ կատարած այցի ընթացքում եղել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ընկերութունում, շրջայցի ընթացքում ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Ընկերության ողջ պլանտացիան ոռոգվում է կաթիլային համակարգով՝ ապահովելով բարձր արդյունավետություն ջրի և էներգիայի հարցում: Ներկայում գործարանը տարեկան արտադրում է 1,2 մլն շիշ գինի, իսկ գործարանի հզորությունը 3 մլն շիշ է: Գինին արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ բոլոր երկրներ, Լիբանան և Հորդանան: «Տիեռաս դե Արմենիա»-ում վարչապետ Կարապետյանը հանդիպել է առանձին արտադրողների և գործարարների հետ, քննարկել գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսությունների զարգացման հեռանկարները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ախտորոշել է ոլորտում առկա խնդիրները և այժմ մշակում է զարգացման ռազմավարությունը՝ կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ:
Կարեն Կարապետյանն այցելել է Բաղրամյանի «Լևոն Գալչյան» արվեստի կենտրոն, որտեղ վարչապետին են ներկայացրել կենտրոնի գործունեությունը: Այն մասնագիտացված է կավագործության, դարբնագործության, ատաղձագործության ու ասեղնագործության ուսուցմամբ: Նշվել է, որ տարեկան կենտրոն է այցելում 70 երեխա, ովքեր այստեղ ստանում են անվճար ուսուցում: Արվեստանոցը հնարավորություն է տալիս պատանիներին ու աղջիկներին հաճախել արհեստների դասաժամերի, ինչպես նաև ցուցադրել իրենց հեղինակային գործերը տարբեր միջոցառումների ժամանակ:
Վարչապետն այցելել է նաև Արմավիր քաղաքի վաստակաշատ ուսուցչուհի Տիգրանուհի Հարությունյանին՝ շնորհավորել նրան Կանանց տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել երկար տարիների մանկավարժական արդյունավետ գործունեության համար: