Միայն Մուսասիրի տաճարից Սարգոն թագավորը 714 թվականին մ.թ.ա. թալանեց ավելի քան 2 տոննա ոսկի, 10 տոննա արծաթ,100 տոննա երկաթ
Այսպես է սկսում իր պատմությունը պատմաբան Վահե Անթանեսյանը:
Հայաստանը մետաղագործության հայրենիքն է:
Առհասարակ, Հայկական լեռնաշխարհը հարուստ է բազմամետաղով, ինչը նպաստել է մետաղագործության մշակույթի սկզբնավորմանն ու ձևավորմանը:
Հնագիտական պեղումները փաստում են, որ մետաղագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Առաջին մետաղը, որին տիրապետել է մարդը` պղինձն է. դա պայմանավորված է պղնձի հալման համեմատաբար ցածր ջերմաստիճանով և պղնձի հանքանյութի` երկրի վերին մակերեսում առկայությամբ: Պղնձեդարյան մշակույթի բնակավայրերը Հայաստանի տարածքում գրեթե ամենուր սփռված են:
Պատահական չէ, որ աշխարհի հնագույն մետաղաձուլարանը, որ հայտնի է` դարձյալ գտնվում է Հայաստանում` Մեծամորում:
Հենց մետաղագործության շնորհիվ հին հայկական ցեղախմբերից մեկը` հյուքսոսները, կարողացան հեշտությամբ նվաճել Եգիպտոսը, քանզի հայկական բանակը եգիպտական բանակի զինվորների փայտյա սրերի դեմ կռվում էր երկաթյա սրերով:
Դեռևս Արարատյան թագավորության ժամանակ երկրում մետաղագործությունը մեծ թափով զարգացավ: Դեռ նախնադարից հայոց երկրում զարգացած էր բրոնզի կիրառումը, իսկ երկաթն, առհասարակ, տարածաշրջանում առաջինը երևան եկավ հենց Հայաստանում: Ուրարտական մշակույթի բարձր զարգացվածությունը հենց կապված էր մետաղագործության բարձր զարգացման հետ: Դեռևս երեք հազարամյակ առաջ ուրարտական մետաղներն արտահանվել են արտերկիր` Հյուսիսային Կովկաս /Մայկոպ, Կելերմես/, ինչպես նաև Ասորիք և Միջագետք /Կարքեմիշ, Բաբելոն/, ինչպես նաև Մարաստան, Իրան, Առաջավոր Ասիայի երկրներ, անգամ Էգեյան ծովի ավազան: Այս փաստը վկայում են հնագիտական պեղումները. ուրարտական քաղաքների պեղումներից ավելի շատ մետաղական իրեր են հայտնաբերվել, քան նույն ժամանակահատվածում այլ երկրներում: Այս մետաղական իրերը բազմաբնույթ են. զենքեր, աշխատանքային գործիքներ, զարդեր, կենցաղային զանազան իրեր:
Ուրարտական մետաղագործությունն ապահովված էր տեղական հումքով և հայերն այդ ժամանակներից արտահանում էին մետաղ: Ասվածի վկայությունն է նաև այն, որ ասորական Սարգոն Բ արքան իր արշավանքի ժամանակ բացառապես մետաղական իրեր էր թալանում և որպես ռազմավար տանում իր հետ: Մասնավորապես, միայն Մուսասիրի տաճարից 714 թվականին մ.թ.ա. նա թալանեց ավելի քան 2 տոննա ոսկի, 10 տոննա արծաթ,100 տոննա երկաթ, ինչպես նաև այնտեղից որպես ռազմավար ձեռք բերեց բրոնզ ու թանկագին քարեր, գավազաններ, փղոսկրի և եբենոսի փայտից ոսկի պատյաններով, արքայական իշխանության նշաններ, զանազան անոթներ, զենքեր թանկագին նյութերից, 13 բրոնզե ավազաններ, 130 բրոնզե առարկաներ, 130 գունագեղ զգեստներ և վուշե շապիկներ, 6 ոսկե վահան, 12 արծաթե վահան վիշապի գլուխներով, ոսկե կողպեքներ, բանալիներ, սրեր, 96 նիզակներ, 33 արծաթե կառքեր, 394 արծաթե անոթներ, 25212 բրոնզե վահաններ, 1514 բրոնզե նիզակներ, 305412 բրոնզե սրեր, 607 բրոնզե ավազաններ, աստվածների բրոնզե 4 արձաններ: Այս ավարը անգամ մեր ժամանակներում հսկայական արժեք ունի:
Հենց մետաղական հանքավայրերի առկայությունն էլ միշտ գրգռում էր օտար նվաճողների ախորժակը և նրանք արշավում էին Հայաստան:
Դեկորատիվ կիրառմամբ զարգացած էր հատկապես բրոնզագործությունը: Մինչ այճմ Էրեբունի թանգարանում պահպանվող Արգիշտի Ա և Սարդուրի Բ արքաների բրոնզաձույլ վահաններն ու սաղավարտներն այդ մասին են վկայում: Նրանք աչքի են ընկնում ոչ միայն իրենց որակով ու բարձրագեղությամբ, այլև պատրաստման տեխնիկայով: Նրանք ձուլվել են մոմե կաղապարների և մոդելների միջոցով:
Հատուկ գեղեգիտական արժեք են ներկայացնում մեծ կաթսաների բրոնզե բռնակները, որ մարդկային, մեծ մասամբ կանացի պատկերներ են ներկայացնում: Նրանց թևերի միջև պատկերած սկավառակը արևն է և վկայում է, որ դրանց մեծ մասը ծիսական նշանակություն են ունեցել:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բրոնզե ձիասարքերը, որ բաղկացած են ճակատի թիթեղներից, այտի վահանակներից, զանգակներից:
Ուրարտական բրոնզեգործությունն ու պղնձագործությունը շատ զարգացած է եղել: Առկա նյութերը վկայում են որ երկրում մետաղագործությունը եղել է պետական հոգածության առարկա և այդ իրերը ձուլվել են հատուկ արհեստանոցներում ու ձուլարաններում:
Զարգացած էր նաև ոսկերչությունը: Նույն Մուսասիրի տաճարի ամբողջ պատերը ծածկված էին ոսկե վահաններով ու զարդերով: Պեղումներից հայտնի է, որ ուրարտացիները ոսկին ավելի հաճախ են կիրառել ծիսական նպատակներով և շատ են գտնված ապարանջանները, մեդալիոնները աստվածների պատկերով: Մուսասիրի տաճարից թալանվել է նաև ոսկյա և արծաթյա բազկաթոռներ, զենքեր…
Ուրարտական հնավայր Թոփրակ-Կալայի պեղումների ժամանակ հայտնաբերվել է ոսկե կլոր մեդալ, վզից կախելու համար: Նրանում պատկերված են երկու կանայք. մեկը նստած է բարձր մեջք ունեցող մի աթոռի վրա և անշուշտ մարմնավորում է աստվածուհու, մյուսը բազկատարած կանգնած է նրա առջև: Կանգնած կինը հագին երկար զարդարուն զգեստ ունի:
Մետաղյա իրերի չափման միավորը մինան էր, որ հավասար էր 505 գրամի:
պրանքափոխանակությունն ու առևտուրը կատարվում էր մետաղներով: Ուրարտական թագավորները հպատակ երկրներից տուրքերը հավաքում էին մետաղի ձևով:
Մետաղական հանքավայրերը համաշխարհային ողջ պատմության ընթացքում պատերազմների պատճառ են եղել: Հայտնի է, որ դեռևս Ալեքսանդր Մակեդոնացին ցանկանալով գրավել Սպեր գավառի ոսկու հանքերը` մեծ բանակով Հայաստան է ուղարկում Մենոն զորավարին: Սակայն հայոց բանակը ծանր պարտության է մատնում մակեդոնացիներին:
Հետագայում ֆրանսիացիները և գերմանացիները շարունակաբար պատերազմում էին Ռուրի ավազանի մետաղական հանքավայրերի համար…
Մետաղագործությունը նպաստեց դրամական շրջանառությանը Հայաստանում: Դեռևս Երվանդունի թագավորները ոսկուց, արծաթից և պղնձից մետաղներ ձուլեցին:
Հայաստանում հայտնի դրամահատարաններ էին Արտաշատը, Դվինը, Պարտավը, Ախթալա-Պղնձահանքը… Վերջինս միջնադարում դարձավ նաև վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը:
Հայտնի է, որ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատային մասի հայտնի չորս պղնձաձույլ ձիերը հայկական ծագում ունեն. դրանց առաջին դարում հայոց Տրդատ Ա Արշակունի թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին:
9-11 րդ դարերում Հայաստանում մեծացավ մետաղի արդյունահանումը: Հայաստանից արտահանվում էր երկաթ, պղինձ, կապար, ոսկի, արծաթ, ծծումբ, մկնդեղ, բորակ… Արաբ պատմիչ Յակուտի հավաստմամբ` հարուստ հանքավայրեր կային Վասպուրականում, Լոռիում, Տարոնում, Բարձր Հայքում… Հայտնի էին մանավանդ Աղնձիքի ու Տուրուբերանի երկաթե հանքերը:
Նույն Յակուտ պատմիչի հավաստմամբ արաբական երկրներում շրջանառվող երկաթի բորակի ամենալավ որակները ներմուծվում են Հայաստանից: Բորակը հենց արաբերենում հայտնի է «պուրե արմանի» անունով: Արաբական ալքիմիական ձեռագրերում էլ նշվում է որ բորակը ներմուծվում է բացառապես Հայաստանից:
Պղինձ արդյունահանում էին Լոռիում /Ախթալա/, Սյունիքում /Կապան/, Վասպուրականում…
Ոսկու հարուստ հանքավայրեր կային Սպերում, Տայքում, Աղիովիտում, Սոթքում…
Մետաղագործության զարգացմամբ զարգացան նաև նրա հետ կապված արհեստները` դարբնությունը, զինագործությունը, պայտագործությունը… Մխիթար Գոշի առակներում պահպանվել է հետաքրքիր պատմություն, համաձայն որի երկաթագործն ու պղնձագործը վիճում են, թե ում արհեստն է ավելի օգտակար մարդկանց համար ու վեճը լուծելու համար գնում են ծերերի խորհրդի մոտ: Խորհուրդը որոշում է, որ ամենաօգտակար արհեստը մարդկության համար երկաթագործությունն է:
Երկաթի կիրառումը իսկապես շատ տարածված է եղել: Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի Աղթամարի պալատի շինարարության վրա ծախսվել է շուրջ 200000 լիտր / 80 տոննա/ երկաթ:
Հին հայերը նաև պողպատ ստանալու յուրահատուկ եղանակ էին մշակել. նրանք կաղնու ածուխի միջոցով երկաթը եռացնել և նույն ածուխից երկաթն ստանում էր ածխածնի որոշ քանակ և առաջանում էր պողպատը:
Հայ վարպետների պատրաստած երկաթյա առարկաները մինչ օրս հիացմունք են առաջացնում:
Երկաթից հետո ամենակիրառականը պղինձն էր: Պղնձից ստանում էին նաև բրոնզ: Պղնձե և բրոնզե իրերը հիմնականում կենցաղային նշանակության էին:
Ոսկեգործությունը Հայաստանում զարգացած էր հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազում գեղատեսիլ առարկաներ ու զարդեր, ոսկյա իրեր, որ մինչ օրս անզուգական գեղագիտական արժեք են ներկայացնում:
Նորագույն ժամանակներում մետաղագործության դերը Հայաստանում շատ ավելի մեծացավ: Հայաստանում մետաղի արդյունահանման և մետաղաձուլական գործարանների սկզբնավորումը կապված է Լոռիի` Ախթալայի հետ, ուր 1763 թվականին հիմնվեց Կովկասի առաջին գործարանը` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Դրանից յոթ տարի անց գործարան բացվեց Ալավերդում:
Հենց Ախթալայի պղնձի արդյունահանման հեռանկարը վճռական եղավ, որ հետագայում հայկական երկաթուղին կառուցվեց Լոռու ձորով, չնայած, առկա էին ավելի քիչ ծախսատար նախագծեր: