Քրիստինե Պեպելյանին ներկայացնելու հարկ չկա. շոու-բիզնեսի այս ներկայացուցիչն ունի իր լսարանը, Հայաստանում ու արտասահմանում վարում է իսկապես բուռն համերգային գործունեություն, թողարկել է 5 CD: «Առավոտը» երգչուհու հետ հանդիպելու 2 առիթ ուներ՝ ինչպե՞ս է նշելու բեմական գործունեության 20-ամյակը և վերջերս կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջազ վոկալ ամբիոնի վարիչ Երվանդ Երզնկյանի մեզ հայտնած այն միտքը, թե Քրիստինե Պեպելյանը նաև հիանալի դասախոս է:
Պարոն Երզնկյանը նշեց հատկապես Քրիստինե Պեպելյանի 1-2 ուսանողուհիների մասին, որոնց անուններն առաջիկայում հայտնի կդառնան երաժշտասեր հասարակությանը: «Կոնսերվատորիայում դասախոսելը համարում եմ իմ մեծ ձեռքբերումը: Հավանաբար Երվանդ Դավիդովիչը նկատի է ունեցել Աննա Թադևոսյանին, որն արդեն հանդես է գալիս «Մալխաս» ջազ-ակումբում: Հավատացնում եմ՝ նման մասնագետի կարծիքը պարզապես երջանկություն է ինձ համար, ավելին, քան անձնական ձեռքբերումներս…»,- հայտնեց երգչուհին:
Նշենք, որ երգչուհին որոշ ուսանողների հաճախ է ընդգրկում իր մենահամերգներում: Հետաքրքրվեցինք՝ երգչուհու նման «առատ» հյուրախաղերով ո՞վ է զբաղվում: «Այդ դաժան աշխատանքը վարում է ադմինիստրատորս՝ Ալինա Մուսայելյանը: Նա նույնիսկ պատասխանում է ինձ ուղղված երկրպագուներիս բազմաթիվ հարցերին»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելեց նաև, թե օրերս Մոսկվայի Կրեմլի պալատում գործընկերոջ՝ Արամեի մենահամերգին կմասնակցի, նրա հետ կատարելով նոր դուետ, հետո կմեկնի Փարիզ, որտեղ հրավիրված է կայանալիք առաջին հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը և կնկարահանվի նոր տեսահոլովակում, կվերադառնա ապրիլի սկզբներին՝ ակամա պատասխանելով հարցին, թե քանի կուսակցությունների կամ դաշինքների կողմից է հրավեր ստացել մասնակցելու քարոզարշավի մշակութային մասին:
Ոչ որպես հաճոյախոսություն նշենք, որ Քրիստինե Պեպելյանին մշտապես բեմում հանդիպում ենք ներկայանալի տեսքով: Եվ եթե նրա երգարվեստի մասին երբեմն հնչում են հակասական տեսակետներ, ապա հագուկապի առումով, դրանք միանշանակ դրական են:
Հարցին՝ ունի՞ անձնական իմիջմեյքեր կամ հագուստի դիզայներ, արվեստագետը հակիրճ պատասխանեց. «Դիմում եմ բացառապես Հայաստանում և արտասահմանում ստեղծագործող հագուստի հայ դիզայներներին»:
Կային ժամանակներ, երբ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ իր «կնքահայրը»՝ Արթուր Գրիգորյանը, հորդորում էր կատարել միայն կոմպոզիտորների, այսինքն՝ պրոֆեսիոնալների երգեր, բայց նոր ժամանակներում Արթուր Գրիգորիչի սանիկները, այդ թվում և Քրիստինե Պեպելյանը, հանդես են գալիս նաև ինքնուս ստեղծագործողների երգերով: Այս առիթով մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, թե դարերից եկած հայկական ժողովրդական ու աշուղական երգերի հեղինակներն էլ երաժշտական կրթություն չեն ունեցել, բայց նրանց ստեղծած գոհարները հնչել են ու դեռ կհնչեն:
«Յուրաքանչյուր կատարող, այդ թվում ես, ներկայացնում ենք ոչ միայն կոմպոզիտորների, այլև երգահանների ստեղծագործություններ: Իհարկե, ցանկալի է հանդես գալ կոմպոզիտորների երգերով, բայց, գուցե ամպագոռգոռ հնչի, ես ու կոլեգաներս հաճախ կատարել ենք ինքնուսների երգեր, այդպիսով նրանցից շատերին օգնելով ճանապարհ հարթել, կայանալ երգարվեստի խայտաբղետ դաշտում»,- կարծիք հայտնեց Քրիստինե Պեպելյանը:
Ինչ վերաբերում է 20-ամյա գործունեությունը նշելուն, երգչուհին ասաց, որ մտադրված է մինչ հոբելյանական երեկոն կազմակերպել իր բեմական հագուստների աճուրդը, որի հասույթը կուղղվի բարեգործությանը: Նշեց նաև, թե դժվար էր նման որոշում կայացնել, քանի որ հագուստներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Ասենք, որ երգչուհին գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է բարեգործական միջոցառումների: