Նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարտի 7-9-ը գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ կատարեց ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Խորհրդարանական ընտրությունների առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ պահքի խորհրդաշատ և աղոթական օրեր է ապրում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, ինքնաքննության, զղջումի և ապաշխարության մի շրջան։ Պահոց այս շրջանի ընթացքում՝ ապրիլի 2-ին, որը նաև նվիրական օր է մեր ժողովրդի համար ապրիլյան քառօրյա պատերազմի մեր նահատակ զավակների լույս հիշատակով, տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները. կարևոր իրադարձություն ազգային մեր կյանքում, շրջադարձային հանգրվան հայոց պետականաշինության մեջ։ Առաջիկա ընտրություններն առանձնակի նշանակություն ունեն մեր հայրենիքի համար՝ հունավորելով անցումը նոր, խորհրդարանական կառավարման ձևին և պայմանավորելով նաև Մայր Հայաստանի հետագա զարգացումը։ Գերագույն հոգևոր խորհուրդը դիմում է մեր Եկեղեցու զավակներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ մասնակցելու ընտրություններին հայրենիքի և մեր ժողովրդի ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ։ Կոչ ենք անում քվեարկել խղճի մտոք, առկա քաղաքական տարակարծությունների մեջ տեղի չտալ հուզումների, առավել ևս՝ անհանդուրժողականության և հակառակությունների։ Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին և առաջադրված թեկնածուներին նախընտրական և ընտրական գործընթացներում դրսևորել խոհեմության, զսպվածության և փոխադարձ հարգանքի ոգի՝ բարի ավարտի հասցնելու ԱԺ ընտրությունները և մեր հայրենական կյանքը միասնաբար առաջնորդելու հայրենաշեն աստվածահաճո ճանապարհներով։ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ողջունում է բոլոր այն ազնիվ ազգանվեր նախաձեռնություններն ու ձգտումները, որոնք ուղղված են մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին, հայրենիքի խաղաղությանը, զորացմանն ու ապահովությանը։ Աղոթքով առ Բարձրյալն Աստված հայցում ենք Երկնավորի օրհնությունը և Ամենախնամ Ս. Աջի հովանին մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ ժողովրդին»։