Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Լիլի Վարդանյանը, ում հեռուստադիտողը տարիներ առաջ ճանաչեց «Կարգին հաղորդման» շրջանակներում:
-Լիլի, Ձեր մասին տեղեկությունները շատ քիչ են, էկրաններին էլ շատ հազվադեպ եք հանդիպում, հետաքրքիր է՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
– Պասիվությունս պայմանավորված է նրանով, որ ես հիմնականում Հայաստանում չեմ ապրում: Երբեմն-երբեմն վերադառնում եմ ու հետաքրքիր նախագծերի առաջարկը չեմ մերժում, միայն թե մի պայմանով, որպեսզի դրանցում երկարատև զբաղվածություն չունենամ, քանի որ ֆիզիկապես չեմ կարողանա երկար մնալ այստեղ: Այնպես է դասավորվել, որ տարվա ընթացքում ես կարող եմ հաճախ փոխել բնակությանս վայրը: 17 տարի Կանադայում եմ ապրել, հիմա ավելի շատ Հայաստանում եմ լինում, բայց շուտով պետք է մեկնեմ Կալիֆորնիա, քանի որ մեծ աղջիկս որոշել է ընդունվել ռեժիսուրայի ֆակուլտետ ու մենք նպատակահարմար գտանք, որ նա կրթությունը ստանա ԱՄՆ-ում: Սա նախնական մտքեր են, բայց քանի որ կյանքս միշտ անկանխատեսելի զարգացումներ է ունեցել, սովորել եմ կյանքս չպլանավորել:
-Լիլի, վստահ եմ, շատերի համար անակնկալ կլինի այն, որ այդքան մեծ աղջիկ ունեք, կպատմե՞ք Ձեր ընտանիքից:
– Ես ունեմ երկու հրաշք աղջիկ, ովքեր այս պահին ապրում են իրենց հայրիկի մոտ, քանի որ ճիշտ կլիներ, որ մեծ աղջիկս ավարտական դասարանները անցկացներ Կանադայում: Ինձ հիմա շատ դժվար է, իհարկե, երեխաներիցս հեռու լինելը, բայց ինձ համար առաջնահերթ կարևոր է, որ երեխաներս լավ կրթություն ստանան, բացի այդ մեր՝ իրարից հեռու գտնվելը ժամանակավոր է: Ցավում եմ, որ մեր երկրում ուսումնական համակարգն այնքան բարձր մակարդակի վրա չէ, որ ցանկություն ունենայի երեխաներս այստեղ կրթություն ստանային:
-Ձեր նախկին ամուսինը հունգարացի է, հետաքրքիր է՝ ինչպիսինն են հայ-հունգարական ամուսնությունից ծնված երեխաները:
– Այո, միշտ էլ կողմնակից եմ եղել, որ երբեմն-երբեմն խառնամուսնություն է լինում ու երկու տարբեր ազգի երեխաներ են ծնվում. սա նաև բժշկական տեսանկյունից է օգտակար: Միաժամանակ, պետք է նշեմ, որ տեսակով չափազանց հայրենասեր եմ ու իմ տված դաստիարակության շնորհիվ երեխաներս տիպիկ հայ են: Նրանք հրաշալի հայերեն են խոսում ու հավատարիմ են մեր արժեքներին: Փոքր աղջիկս դեմքով ևս շատ նման է հայի, մեծս ավելի եվրոպական արտաքին ունի, բայց բնավորությամբ ու տեսակով լրիվ հայ է:
-Ձեր ներգործությունը մե՞ծ է եղել, որպեսզի աղջիկն ընտրի արվեստը:
– Բացարձակ: Իհարկե, դեռ փոքրուց ես տեսնում էի, որ նա իրեն շատ լավ է դրսևորում բեմում, նրան տանում էի թատերական խմբակներ: Ես էլ, քանի որ հայրենիքից ու թատրոնից հեռու էի, նրան տեսնելով բեմում, հուզվում էի: Բայց երբեք նրան չեմ ուղորդել դեպի այս ոլորտ: Թերևս ուղորդումն ինքնաբերաբար է ստացվել, երբ նրան ինձ հետ տանում էի նկարահանումների: Իսկ վերջնականապես այս աշխատանքին սիրահարվեց այն ժամանակ, երբ մի ֆիլմում էի նկարահանվում, որտեղ մի աղջնակ էր պետք, ես էլ նրան տարա, որ խաղար: Հատկանշականն այն էր, որ այդ ժամանակ նա սիրահարված աչքերով նայում էր ոչ թե դերասաններին, այլ հենց ռեժիսորին: Արդյունքում ընտրեց «Ռեժիսուրա և սցենարական աշխատանք» մասնագիտությունը:
-Լիլի, հրաշալի տեսք ունեք, ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:
– Երբևէ սպորտով չեմ զբաղվել, դիետաներ չեմ պահել: Կարծում եմ, երբ մարդու ներսում խաղաղություն է տիրում, դա արտահայտվում է նաև արտաքինի վրա: Իհրակե, իմ կյանքում էլ եղել են դժվար շրջաններ, բայց, երբ սիրում ես կյանքն իր լավ ու վատ կողմերով, դժբախտությունները չեն ազդում երջանկությանդ վրա: Ես երջանիկ մարդ եմ, դա էլ երևի արտացոլցվում է արտաքինի վրա: Ես գոհ եմ իմ կյանքից:
-Մտածո՞ւմ եք երկրորդ անգամ ամուսնանալու մասին:
– Ինչու ոչ: Եթե սեր լինի, ապա դեմ չեմ լինի երկրորդ անգամ ամուսնանալ:
-Այժմ Ձեզ տեսնում ենք «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում, որը մոտենում է իրավարտին: Առաջիկայում այլ ծրագրեր ունե՞ք:
– Նախ պետք է ասեմ, որ «Շանթ» հեռուստաընկերության հետ երբևէ չէի աշխատել ու ինձ շատ դուր եկավ մեր համագործակցությունը: Այժմ էլ նրանց հետ մի կարճ նախագծի պայմանավորվածություն ունեմ, որը կատարելուց հետո ամռանը կմեկնեմ երեխաներիս մոտ, ովքեր իմ կարիքը հիմա շատ ունեն: Նաև արդեն իսկ ԱՄՆ-ի հայկական հեռուստաընկերոթյուններից մի քանի առաջարկներ ունեմ. եթե ամեն ինչ բարեհաջող լինի ու տեղափոխվենք, ապա դրանց արդյունքը ևս հեռուստադիտողը կտեսնի:
Ամբողջությամբ՝ life.panorama.am