Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանն այսօր նշում է 29–ամյակը։ Երգիչը կեսգիշերից բազում շնորհավորական նամակներ և մաղթանքներ է ստացել և շարունակում է ստանալ։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նշեց, որ օրը սկսել է աշխատանքային մթնոլորտում։
«Պատրաստվում եմ նոր տեսահոլովակի նկարահանումներին։ Երկու օր է մնացել, պետք է ամեն ինչ հասցնեմ վերջացնել։ Հագուստների ընտրությամբ, պարային փորձով. ահա այսպես է սկսվել օրս, իսկ թե ինչպես կավարտվի, դեռ պարզ չէ։ Եթե ժամանակ գտնեմ, անպայման, կնշեմ տարեդարձս։ Հիմա գործերս այնքան կարևոր են, որ չեմ կարող հետաձգել»,– ասաց Գուրգենը։
Խոսելով իր դժվարությունների մասին` Գուրգենը նշեց, դեռ փոքրուց ունեցել է բարդություններ։ «Փոքր տարիքից միշտ էլ եղել են դժվարություններ՝ կապված երգեցողության և երաժշտական ժանրի հետ։ Փոքր տարիքում մոդա չէր ժողովրդական երգելը, ինչպես հիմա։ Այն ժամանակ 8–10 տարեկան էի ու երգում էի բարդ երգեր` Սայաթ–Նովա, Ջիվանի։ Շատ դժվար էր հեռուստաէկրաններով հեռարձակել այդ երգերը։ Ճանապարհ չկար բացված։ Առաջինը ես էի, իմ հետևից նոր եկան ժողովրդական երգիչները։ Ինտերնետային դաշտը զարգացած չէր։ Կազմակերպչական հարցերն էլ էին թերի։ Փոքր տարիքում շատ բան չեմ զգացել։ Երգում էի ու իմ մանկությունը վայելում։ Հիմնականում դժվարությունների միջով անցել են իմ պապան ու հոպարս»,– ասաց Գուրգենը։
Ամբողջությամբ՝ life.tert.am