Նախընտրական քարոզարշավը ՀՀԿ-ն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, անցկացնում է տոնական համերգների ուղեկցությամբ: Հանրապետականների հետ մարզեր, քաղաքներ ու բակեր են գնում նաև երգիչ-երգչուհիներ, դերասաններ, իսկ «Ռեինկարնացիա» խումբն էլ կատարում է ՀՀԿ նախընտրական երգը:
Խմբի կատարումը հարուցել էր հասարակության լայն զանգվածների դժգոհությունը, սոցցանցերում ակտիվորեն քննարկվեց ու քննադատվեց խմբի որոշումը: Իսկ բուն քարոզարշավին արդեն իրենց մասնակցությունն են բերել Անդրեն, Լեյլա Սարիբեկյանը, Ալլա Լևոնյանը, այլք: Կիսո՞ւմ են արդյոք շոու բիզնեսի ներկայացուցիչները ՀՀԿ-ի գաղափարները, թե՞ իրենց աշխատանքն են կատարում` փորձեցինք ճշտել վերջիններից:
Երբ Լեյլա Սարիբեկյանը տեղեկացավ, որ իրեն զանգահարողը լրագրող է, հեռախոսն իսկույն անջատեց: Նույն կերպ վարվեց նաև երգիչ Անդրեն: Ալլա Լևոնյանն էլ նախ հայտարարեց, թե հոգնել է ամեն անգամ նույն թեմայի մասին խոսելուց: Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ աստղերը մասնակցում են քարոզարշավին, հայտարարեց. «Չեմ խոսելու էդ թեմայով, ես էլ եմ մասնակցում: Հիմա սկսելու եք բոլորդ զանգե՞լ, նորմալ եմ վերաբերվում: Երգիչ ենք, գնում երգում ենք, ինչի պիտի չերգենք, մարդիկ էլ գալիս, ուրախանում են»,- ասաց Լևոնյանը:
Հարցին, թե վարձատրությունից գո՞հ է, ասաց, որ նորմալ են վճարում:
Երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն նույնպես Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում այս հանգամանքին: «Ես նորմալ եմ գտնում, որ բոլորի համար էլ մասնակցեն, ժողովրդի համար է արվում»,- ասաց նա: Կիսո՞ւմ եք ՀՀԿ տեսակետը հարցին` Ա. Գրիգորյանը նշեց, թե չի հասկանում` ի՞նչ է նշանակում կիսել տեսակետը: Նա նույնպես իշխանությունից ստացել է քարոզարշավին մասնակցելու առաջարկ և սիրով ընդունել: «Արտիստները եթե մասնակցում են, ժողովրդի համար թող երգեն, ի՞նչ կլինի, ձեզ խանգարո՞ւմ է դա»,- ասաց Մրոն: