Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի անվան միջազգային մրցաշարի առաջին օրը Հայաստանի հավաքականը մեդալ չի նվաճել, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և Վալտեր Մարգարյանը (70կգ) երկուական հաղթանակից հետո պարտություն են կրել, որից հետո չեն հաղթահարել սփոփիչ գոտեմարտերի արգելքը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Ստամբուլից ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մրցաշարը անչափ ուժեղ կազմ է հավաքել, ժամանել են օլիմպիական մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոններ.
«Այս մրցաշարն ըստ էության մեր առաջին միջազգային փորձությունն է և ես այն հենց այդպես էլ դիտարկում եմ: Գարիկն ու Վալտերը ընդհանուր առմամբ վատ չէին, բայց մարտերը վարելիս վրիպումներ թույլ տվեցին: Դրանք ես նշել եմ մոտս, իրենց էլ արդեն բացատրել:
Վաղը չորս մասնակից ենք ունենալու: Տեսնենք, թե նրանք ինչ կանեն: Անկախ ամեն ինչից, մի բան պարզ է. աշխատելու դեռ շատ տեղ ունենք»,-ասել է նա:
Արմեն Մկրտչյանը պարտությունների մեղքը չի բարդել մրցավարների վրա՝ նշելով, որ ակնհայտ կողմնապահություն չկար:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 61, 74 և 125 կգ քաշային ըմբիշները: