Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ: Այս մասին նշել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:
«Հայ դատի գրասենյակը համագործակցում է մյուս հայկական կազմակերպությունների հետ: Նախորդ տարվա նման նախատեսել ենք մի շարք միջոցառումներ: Միջոցառումների շաբաթի մեկնարկը կտրվի ապրիլի 18-ին: Այդ օրը Նիդերլանդների պառլամենտի շենքի մոտ կանցկացվի հանրահավաք, այդ ժամանակ կհանձնենք պահանջագիր, որի տեքստն արդեն նախօրոք քննարկել ենք մյուս կազմակերպությունների հետ: Պահանջագրում հիմնական շեշտադրումն այն է, որ Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը միջազգային ճանաչումն է»,- ասաց Մասիս Աբրահամյանը:
Ապրիլի 22-ին մեծ ցույց կանցկացվի Ամստերդամում: Մասիս Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած՝ միջոցառումներին մեծ թվով հայեր են մասնակցում: Արդեն պայմանավորվածություն կա ոստիկանության հետ, ճշտվել են այն փողոցները, որտեղով անցկացվելու է քայլարշավը: Մասնակիցները երթով շարժվելու են Ամստերդամի ցույցերի հավաքատեղի` հրապարակ: Հանրահավաքին կմասնակցեն ականավոր դեմքեր, ցեղասպանությունների դեմ պայքարի ջատագովներ: Ապրիլի 24-ին էլ Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ կանցկացվեն հիշատակի միջոցա ռումներ:
«2004 թվականից հետո, երբ Հոլանդիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հետագայում իր քաղաքականությունում քիչ թե շատ շրջադարձ տեղի ունեցավ: Կարծես զղջացին, որ ցեղասպանություն բառն օգտագործել են: Մասնավորապես, ձախակողմյան ուժերից Աշխատավորական կուսակցությունը, որ թուրքամետ է, որոշակի շրջադարձ ցույց տվեց: Աստիճանաբար նկատվեց, որ քաղաքական շրջանակում ցեղասպանություն բառը փոխարինվեց ցեղասպանության խնդիր բառով: Հիմնականում մեր պայքարն այն է, որ դա տեղի չունենա»,- ասաց Մասիս Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ անհատապես, առանձին բոլորն էլ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, սակայն քաղաքական շրջանակում խոսափում են: Դա հայ համայնքի մոտ մեծ ընդվզում է առաջացնում, հետևաբար պահանջում են, որ այդ բառի հետ չխաղան և օգտագործեն ճիշտ բնորոշումները:
«Շուտով այստեղ ընտրություններ կլինեն, իշխանությունը, ըստ երևույթին, չի փոխվի: Հետևաբար չեմ կարծում, որ այս քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ կլինեն: Այսինքն` ընդունել են Հայոց ցեղասպանությունը, հիմա խուսափում են այդ բառն օգտագործելուց, բայց նաև Թուրքիային մշտապես պահում են լարվածության մեջ: Ցեղասպանության քաղաքականությունը մանրադրամ են օգտագործում»,- հավելեց Մասիս Աբրահամյանը:
ինչպես գիտենք, Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Երկրի օրենսդիր մարմինը 1915 թվականի եղելությունը որակել է որպես ցեղասպանություն: