Մարտ ամիսն աստիճանաբար իր դերի մեջ է մտնում՝ ժողովրդի մեջ ընդունված «գիժ» իմաստով. առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ, որում արտահայտված կլինեն մթնոլորտային գրեթե բոլոր երևույթները՝ և արև, և անձրև, մարզերում՝ նույնիսկ թաց ձյուն:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները armtimes.com-ի հետ զրույցում ներկայացնելով՝ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ասաց, որ Հայաստանը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում: Այն իր ազդեցությունը պահպանելու է մինչև մարտի 18-ը ներառյալ.
«Ցիկլոնի ազդեցության գոտում ենք, ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով տեղումներ ենք սպասում ամբողջ հանրապետության տարածքում: Առաջիկա օրերին դուք կտեսնեք մարտին բնորոշ խիստ փոփոխական եղանակակլիմայական պայմաններ. նույն օրվա մեջ կլինի և արև և տեղումներ և քամու ուժգնացում: Բոլոր մթնոլորտային երևույթները մեկ օրվա, նույնիսկ մի քանի ժամվա մեջ կարող են արտահայտվել»,- ասաց օդերևութաբանը՝ ընդգծելով, որ լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի հավանականություն կա:
Անդրադառնալով օդի ջերմաստիճանին՝ «Հիդրոմետ» ծառայության օդերերութաբանության կենտրոնի պետն ասաց, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար իջնելու է, բայց նկատելի անկում չի գրանցվի. «Ջերմաստիճանը այս պահին նորմայից 3-5 աստիճանով բարձր է: Առաջիկա օրերին աստիճանաբար 2-4 աստիճանով կիջնի և կմոտենա նորմային: Նորմայից ցածր ջերմաստիճան այս պահին չի կանխատեսվում»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է քամու ուժգնացմանը՝ ըստ օդերևութաբանի այդ երևույթը ևս արձանագրվելու է: Այս պահի դրությամբ, սակայն ուժգնության շատ մեծանալու մասին խոսք չկա:
Մեր դիտարկմանը, թե «գիժ» մարտն իր դերի մեջ է՝ Սուրենյանը պատասխանեց, որ այս պահին դեռևս նկատելի «գժություններ» չկան. «Տարիներ ենք ունեցել, որ այդ գժությունը շատ ուժեղ արտահայտված է եղել, բայց այս տարի՝ համեմատած մյուս տարիների մի փոքր մեղմ է անցնում: Տեսեք, ամսի 4-ից հետո ջերմաստիճանը կայուն, օր օրի բարձրանում է: Երեկ Արարատում նույնիսկ հասել է +20 աստիճանի: Ամեն դեպքում առաջիկա 5 օրերին ոչ մի աննորմալ բան չեք տեսնի»,- եզրափակեց նա:
Առաջիկա 5 օրերին սպասվող օդի ջերմաստիճանը՝ ստորև ներկայացվող աղյուսակներում