Երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի արդյունքում բերման էին ենթարկվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրները, որոնք գիշերն ազատ են արձակվել: Դաշինքը հաղորդագրություն էր տարածել, որ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ՝ նշելով, որ սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ նույն Երանոսյանի ծննդավայրն է: Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:
lragir.am-ի հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հաստատեց, որ կրակոցների հեղինակը հանրությանը Սարի թաղի դեպքերից ոչ անհայտ Լեռնիկ Երանոսյանն է՝ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրը:
Քննության ընթացքի մասին Արմեն Մարտիրոսյանը տեղեկություններ չուներ, չուներ նաև սպասելիքներ: «Եթե արդար քննություն կատարելու լինեին, մեր կողմնակիցներին բերման չէին ենթարկի»: Հիշեցնենք, Դաշինքի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին: