Առնվազն 19 խաղաղ բնակիչներ են զոհվել սիրիական Ռաքա քաղաքի հարավային ծայրամասերին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածներից: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով իրադարձությունների վայրի մի աղբյուր:
Օդային գրոհն իրականացվել է գիշերը Շեյխ Ջումաա և Էլ Ֆարջ բնակավայրերի շրջանում, ինչպես նաև Եփրատ գետի հարավային ափի գյուղատնտեսական հանդակների շրջանում: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից մի քանիսը ծանր վիճակում են:
Ռաքան գտնվում է Սիրիայի հյուսիսում (Հալեպից 160 կիլոմետր դեպի արևելք) Եփրատի հարավային ափին: Քաղաքում ապրում է շուրջ 300 հազար մարդ: Այն զինյալները գրավել են 2013 թվականին, ինչից հետո համարվում է «ԻՊ-ի մայրաքաղաքը»:
Այժմ Ռաքայի վրա հարձակումն իրականացնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈւ) խառը կազմավորումները, որոնց հիմնական մասը կազմում են քրդերը և տեղի արաբական ցեղերը: Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:
«Եփրատի ցասումը» գործողության երրորդ փուլի շրջանակներում ՍԺՈւ-ի մարտիկներին հաջողվել է մեկուսացնել քաղաքը՝ փակելով Դեյր Էզ Զոր տանող ճանապարհը: Վերջին տվյալների համաձայն, քրդերը գտնվում են Ռաքայից հինգ-վեց կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: