Բեռլինում մարտի 8-13-ը անցկացվեց «ITB Berlin-2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս իր մասնակցությունը բերեց Հայաստանի պատվիրակությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում էին երկու տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերություններ, անհատ տուր օպերատորներ և հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեցան մեծ ճանաչում ունեցող այս ցուցահանդեսում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությանն ու հնարավորություններին վերաբերող փաթեթներ։
Հայկական տաղավարում երաժշտական կատարումներով հանդես եկավ Գրիգոր Շագոյանի ղեկավարած «Ագուա-տրիո» համույթը:
Մարտի 11-ին ՀՀ դեսպանությունում ցուցահանդեսի մասնակիցներին ընդունեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով նրանց հետ քննարկեց ընթացիկ և սպասվող մի շարք ծրագրեր:
«ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966 թվականից և իր մասնակիցների թվով աշխարհում համարվում է ամենամեծը։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են 5 մայրցամաքների 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։