Ադրբեջանում բանտարկված ՌԴ հայ քաղաքացու քույրը պայքարելու է մինչև վերջ եղբորն ազատելու համար
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում բանտարկված ՌԴ հայ քաղաքացու քույրը պայքարելու է մինչև վերջ եղբորն ազատելու համար

Արդեն 9 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով քննությունն ավարտված է: Այս մասին տեղեկացրեց բանտարկվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը:

«Այս մասին առավել մանրամասն ինչ-որ բան ասել չեմ կարող, միայն կասեմ, որ մինչև վերջ եմ գնալու, պայքարելու եմ, մինչև Մարատը վերադառնա»,- ասաց քույրը:

Մարիանա Միրզոյանը այս ամիսների ընթացքում բազմիցս դիմել է Բաքվում ՌԴ դեսպանություն, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարարություն, սակայն այդպես էլ չի ստացել սպառիչ պատասխան, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Ռուսաստանի կողմից եղբորն ազատ արձակելու ուղղությամբ:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբևէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ և Բաքու էր մեկնել գործուղման:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված առաջին պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Հայաստանի և Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումն անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»: Այս արտահայտությունը տեղիք է տվել կարծելու, որ Ուելդանով-Գալուստյանին բանտում պահում են հայկական ծագման պատճառով:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել էին, որ միջազգային իրավունքի և երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, իսկ ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ռուսական կողմը Ուելդանովի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրների համատեքստում:

Վերջերս Ուելդանով-Գալուստյանը զանգահարել և հրաժեշտ էր տվել ընտանիքի անդամներին:

 

 

 



Նման նյութեր