Կոստանտին Տեր-Նակալյանը Facebook-յան իր էջում գրել է. «Մեր փրկությունը մերիտոկրատիան է, բայց մենք դատապարտված ենք օխլոկրատիայի։ Համենայն դեպս՝ առաջիկա մի քանի տասնամյակներում օխլոսը դոմինանտ է լինելու, հետևաբար՝ լինելու է քաղաքական համակարգի այնպիսի ձև ու բովանդակություն, որը օխլոսի սրտով ու ընտրելով է։
Հայաստանը չափազանց փոքր երկիր է, որպեսզի մեզ մոտ լուրջ կուսակցական կուլտուրա զարգանա։ Դրա համար էլ, 25 տարվա մեջ ունեցել ենք մի վագոն կուսակցություններ, բայց չենք ունեցել գեթ մեկը, որը իրոք հենվեր գաղափարախոսության վրա։ Նաև դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ճամբարափոխությունը մեր քաղաքական գործիչների մոտ ամենասովորական երևույթն է։
Բազմակուսակցական համակարգի միակ հարաբերական օգուտը այն է, որ դրանում կուսակցություններն ու անհատները կամա, թե ակամա, դատապարտված են էվոլյուցիայի։ Ընդ որում՝ էվոլյուցիան պարտադիր չի, որ բերի հրեշտակային արդյունքի։ Քաղաքական «բնական ընտրությունը» նույն հաջողությամբ կարող է բերել ունիվերսալ տականքների ու ցինիկների «սինթեզման»։
Բայցևայնպես, փաստացի իրականությունը այն է, որ Հայաստանում առողջ պետության գրավականը «արժանիների իշխանություն» (մերիտոկրատիան հենց դա է) ունենալն է՝ անկախ այդ արժանիների կուսակցական պատկանելությունից, իսկ այդ արժանիները ոչ օդից են հայտնվելու, ոչ էլ փողոցից բերած լավ մարդը կարող է դառնալ այդպիսին։ Արժանի ասվածը ենթադրում է նախ կոմպետենտություն ու կամք՝ այդ կոմպետենտությունը ըստ նպատակի օգտագործելու համար, ոչ թե բարի ու մուճուկ մարդ լինել։ Բարի ու մուճուկ, սակայն ոչ կոմպետենտ մարդը ոչ պակաս չարիք է, քան հաստափոր թալանչին։
Սակայն, կրկնում եմ, նման արժանիների տեսակարար կշիռը կլինի փոքր ու նույնիսկ աննշան, քանի մենք ունենք կիսագրագետ ու ողորմություն խնդրելու սիրահար մեծամասնություն։ Այլ կերպ էլ չի կարող լինել, որովհետև ինչքան էլ «արժանին» բացատրի, թե որն է ճիշտ, որը սխալ, ինքը կպարտվի առաջին իսկ ֆեոդալին, ով օխլոսին փող, էպիլյատոր ու/կամ անպտղությունը բուժելու միջոց բաժանի։ Որովհետև օխլոսը այսօրվա օրով է ապրում ու «նաղդ քյարը թողած, նիսիայի հետևից չի ընկնում»։
Հետևաբար՝ պետք չի զարմանալ, որ խորհրդարանում ու ցանկացած այլ պետական մարմնում լռակյաց հաստավզերը ավելի շատ են, քան գրագետ ու բանիմաց կադրերը։ Երբ էլեկտորատիդ մեծ մասը ինքը մեծ հաճույքով կլիներ լռակյաց հաստավիզ, եթե դրա հնարավորությունն ունենար, պահանջարկը, այդ թվում՝ նաև քաղաքական պահանջարկը, չի կարող լինել այլ․ պոտենցիալ հաստավզերը միշտ էլ ընտրելու են փաստացի հաստավզերի»: