Samsung, LG, Xiaomi, Asus, Oppo և Lenovo սմարթֆոնները վաճառվում են նախատեղակայված վնասաբեր ծրագրային ապահովմամբ: Այս մասին ասված է անվտանգության բնագավառում մասնագիտացած Check Point ընկերության բլոգում:
Փորձագետների խոսքով՝ վիրուսը հազիվ թե տեղակայված լինի ֆաբրիկայում, բայց սարքերն օգտատերերի ձեռքին են հայտնվել արդեն վարակված: Մասնագետները կարծում են, որ համակարգում վտանգավոր փոփոխությունները կատարվել են լոգիստական շղթայի մասնակիցներից մեկի կողմից: Ընդամենն ախտահարված են 38 տարբեր մոդելներ:
Բլոգում ճշտվում է, որ տարբեր սարքերում հայտնաբերվել են վեց տարբեր տրոյաններ: Դրանցից մեկը՝ Loki-ն, կարող է հափշտակել օգտատերերի գաղտնի տվյալները և գովազդ ցուցադրել:
Մասնագետների հաղորդագրության մեջ նշված է, որ վարակված սարքերի ստույգ թիվը պարզել չի հաջողվել, բայց տուժածների թվում խոշոր հեռահաղորդակցական ընկերություն է նշված: