Դերասանուհի Լիա Զախարյանին հեռուստադիտողն այժմ տեսնում է «Շանթ Պրեմիումի» «Outdance» սիթքոմում:
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է սիթքոմի բնույթից ելնելով՝ պարարվեստում ինքնադրսևորվելու դժվարությունների, նոր անձնակազմի և առողջ ապրելակերպի մասին:
«Այս նախագիծը տարբերվում է հայկական հեռուստաեթերում գործող մյուս սիթքոմներից, քանի որ այն ունի հատուկ թեմատիկա՝ «Պարիր ավելին, քան կարող ես»: Այսինքն, եթե սիթքոմների իմաստներեից մեկն էլ իրավիճակային կոմեդիան է, ապա տվյալ դեպքում իրավիճակները զարգանում են պարի դպրոցում: Այս սիթքոմը հենց պարի դպրոցի ուսանողների, նրանց առեղծվածային կյանքի, կարողությունների, սիրային արկածների մասին է: Ես պետք է մեծ ուրախությամբ փաստեմ, որ մեր սիթքոմն արդեն հասցրել է հետաքրքրել հեռուստադիտողին: Արձագանքներից ամենաշատն ինձ դուր է գալիս այն, որ ասում են դիտելիս՝ չենք ուզում փոխել ալիքը: Մեր իրականության համար սա շատ կարևոր ձեռքբերում է: Մեզ մոտ հումորն ու տեսարանները գռեհկության չեն հասնում, գույներն աչքի համար հաճելի են, գերխաղ, գերձևականություն չկա, նաև որքան էլ երիտասրադներ են խաղում, բայց այն տարիքային թիրախավորված սահմանափակում չունի»,- նշեց Լիան, ով սիթքոմում տվյալ դպրոցի միակ ուսանողուհին է, ով իրականում պարուհի չէ.
«Ես պարի դպրոցի դերակատարներից միակն եմ, որ պրոֆեսոիանալ պարուհի չեմ և պարի ասպարեզում երկար տարիների փորձ չունեմ: Միաժամանակ, պետք է նշեմ, որ գրեթե մեկ տարի է, ինչ մենք նախապատրաստվում էինք այս սիթքոմի նկարահանմանը. մենք պարբերաբար հավաքվում էինք փորձերի, բեմադրում էինք տարբեր պարեր, որպեսզի ամեն բան պրոֆեսիոնալ հարթության վրա լիներ: Բացի դա, հիմա էլ ես հաճախում եմ տարբեր ոճերի պարերի և փորձում եմ տիրապետել այն բոլոր հմտություններին, որոնց պակասը զգում եմ: Բախտս բերել է, որ ճկուն եմ՝ ժամանակին պարով, մարմնամարզությյամբ զբաղվելու արդունքում, այնպես որ, այն, ինչ ինձ սովորեցնում են, հեշտությամբ եմ ընկալում ու ցուցադրում: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ չեմ կարող չնշել նաև իմ խաղընկերներին, որոնց արյունն ուղղակի խմում եմ. բավական է տեսնեմ մեկին՝ մի պարայյին շարժում անելիս, անմիջապես խնդրում եմ, որ ինձ էլ սովորեցնեն: Ամեն վայրկյան հետևում եմ նրանց ու շատ բաներ սովորում: Ինձ դուր է գալի արվեստի յուրաքանչյուր ճյուղ, քանի որ դրանցում կա էմոցիա, իսկ ներսումդ կուտակված էմոցիան արտահայտելը շատ հաճելի է այդ ոլորտի մարդու համար: Եվ առհասարակ, կարծում եմ, պրոֆեսիոնալ դերասանուհին պարտավոր է և լավ երգել, և լավ պարել, և լավ խաղալ»,- ժպիտով պատմեց Լիան:
Խոսելով անձնակազմի մասին՝ դերասանուհին նկատեց, որ մինչ այս նախագիծը նրանց չի ճանաչել, բայց այժմ արդեն մտերիմներ են դարձել.
«Թեև նախկինում ծանոթ չէի թիմի հետ, բայց արդեն հասցրել ենք նախապատրաստական մեկ տարվա ընթացքում ընկերանալ: Նրանք ամեն բան արել են, որպեսզի ես թևաթափ չլինեմ, ազատվեմ իմ բարդությներից: Մինչ այսօր էլ նրանք ամեն հարցում կողքիս են, օգնում են ու ոգեշնչում»,- նշեց նա:
Պարուհիներն իդեալական կազմվածք պետք է ունենան, իսկ Լիան, իր խոսքով, այն աղջիկներից է, ով առանց այս սիթքոմում նկարահանվելու էլ, մշտապես հետևել է իր կազմվածքին.
«Արդեն գրեթե հինգ տարի է, ինչ հատուկ սննդակարգով եմ սնվում: Միշտ կողմ եմ եղել, որ աղջիկն ու առհասարակ մարդը փորձի իդեալական կազմվածք պահպանել, և կապ չունի նա, օրինակ, ցածրահասակ է, հաստ ոսկոր ունի, թե չէ: Մարդ պետք է ինքն իրեն հետևելով՝ իր իսկ չափանիշների մեջ կատարյալ լինի: Քանի որ ես դերասանուհի եմ, պետք է մաքսիմալ ներկայանալի տեսք ունենամ, ինչը դիմահարդարմամբ, թանկարժեք հագուստով կամ սանրվածքով չես ստանա: Ես հաճախում եմ մարզասրահ, զբաղվում եմ նաև մարմնի պլաստիկայով, ակրոբատիկայով, պարով, բայց ամենակարևորը, առողջ սննդի կողմնակից եմ՝ հրաժարվում եմ գազավորված ըմպելիքներից՝ դրա փոխարեն նախապատվությունը տալով տնական հյութերի, հրաժարվում եմ յուղոտ մթերքներից, նախընտրելով բանջարեղենն ու մրգերը, հացեղենից էլ օգտագործում եմ միայն լավաշ: Ես կարող եմ ինձ ամիսը մեկ կամ երկու անգամ թույլ տալ ուտել այն, ինչն աչքիս համար գրավիչ է: Շատ եմ կարևորում ունենալ առողջ հոգում առողջ մարմին»,- ավարտեց դերասանուհին: