Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ՝ իրենց շուրջ 1500 թեկնածուներով: Այս ընտրապայքարն ուշագրավ է նրանով, որ ըստ էության մի քանի կարգի դերակատարներ կան: Առաջին կարգի մեջ են մտնում քարոզարշավի «շոգեքարշները», ովքեր իրենց վրա են վերցրել նախընտրական պայքարի ողջ ծանրությունը: Օրինակ, համապետական մասշտաբով այդ դերակատարումը ՀՀԿ-ից ստանձնել են վարչապետ Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանը, ՕՐՕ-ից՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը:
Վարկանիշային ընտրակարգով առաջադրվածներից առավել ակտիվ են Երևանում` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Զուրաբյանը, Միհրան Պողոսյանը, Սամվել Ալեքսանյանը, մարզերում՝ Կարեն Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը, և այլք: Բացի այս ծանրքաշայիններից՝ նշմարվում են ևս մի քանի տասնյակ թեկնածուներ, ովքեր հարմարավետ տեղավորվել են անցողիկ տեղերում, այլ կերպ ասած՝ առաջին կարգի վագոններում: Այս տիպի գործիչները, որպես կանոն, զբաղված են սրճարաններում կամ տարբեր հեռուստաեթերներում խոհափիլիսոփայական դատողություններով, ֆեյսբուքյան ստատուսներ գրելով, անիմաստ մտքեր ու մեկնաբանություններ թողնելով:
Իսկ որոշ քաղաքական ուժեր և թեկնածուներ, մեղմ ասած՝ «խցկված» են գնացքի «տավարնի» վերջին վագոններում, ու քարոզարշավի թափ առնելուն զուգահեռ, իրար հերթ չտալով՝ դուրս են թռչում մրցապայքարից` համալրելով քաղաքական լուսանցքում հայտնվածների հոծ բանակը: Իսկ թե ովքեր են նախընտրական այս մրցավազք-գնացքների գլխավոր մեքենավարները, դատեք ինքներդ: