Ինչպես էին թրջված Լեոնիդ Ենգիբարովը և Բելլա Դարբինյանը պարել Պրահայի բարում. անհայտ սիրո չբացահայտված կողմերը
Advertisement 1000 x 90

Ինչպես էին թրջված Լեոնիդ Ենգիբարովը և Բելլա Դարբինյանը պարել Պրահայի բարում. անհայտ սիրո չբացահայտված կողմերը

Այսօր՝ մարտի 15-ին, ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 78 տարեկան: Վերջինիս կյանքին ու գործունեությանն անդրադարձներ բազմիցս են եղել, սակայն քչերին է հայտնի, որ  Լեոնիդ Ենգիբարովը մեծ սեր է տածել երգչուհի Բելլա Դարբինյանի նկատմամբ, ավելին՝ այդ սերը փոխադարձ էր: Ենգիբարովը նույնիսկ ամուսնության առաջարկություն էր արել նրան, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ նրանց միությունն ամուսնությամբ չէր ավարտվել, սակայն գեղեցիկ հուշեր, իհարկե, եղել էին, որոնցից մեկը Asekose.am-ին ներկայացրեց երգչուհու դուստրը՝ լրագրող Թերեզա Կասյանը:

«Իսկապես սիրել են միմյանց: Ենգիբարովի հետ Պրահայում են հանդիպել: Սկզբից գուցե սիրահարվածության նման մի բան է եղել: Մի օր նրանք մնացել են շատ ուժեղ անձրևի տակ, հետո սարսափելի թրջված մտել են մի բար, որտեղ բոլորը ճանաչել են Ենգիբարովին: Նա մեծ ճանաչում ուներ այն ժամանակ Չեխոսլավակիայում: Երաժիշտները չեխերենով հայտնել են, որ բարում է Լեոնիդ Ենգիբարովը, ու բոլորը ոտքի են կանգնել, ծափահարել են արտիստին: Հետո ինչ-որ երաժշտություն են նվագել,  ու Լյոնյան մայրիկիս հրավիրել է պարելու: Բելլան պատմում էր, որ իրենք թրջված հագուստներով, թրջված մազերով սկսել են պարել, ինքը շատ վատ է զգացել այդ տեսքով Լյոնյայի կողքին լինելու համար: Այդ ժամանակ նա Լյոնյային կոշիկներ է նվիրած եղել, որովհետև Լյոնյան շատ համեստ արտիստի կյանքով է ապրել, նրա կոշիկները մաշված են եղել ու Բելլան նրան նոր կոշիկներ է նվիրել: Լյոնյան նույնիսկ ասել է, որ իրեն երբեք նվերներ չեն տվել, շատ հուզվել է: Այդ անձրևոտ օրվա հաջորդ առավոտյան Բելլան մեկնել է Պրահայից:

Նրանց ընդհանուր ընկերներից մեկը հետագայում Բելլային պատմել էր, որ մի քանի օր անց Լյոնյան նորից գնացել է այդ բարը, պատվիրել է նույն երաժշտությունը, հետո հանել է Բելլայի նվիրած կոշիկներն ու կրծքին սեղմած երկար պարել է: Չեմ կարող ասել, թե ինչու չամուսնացան, բայց հրաշալի հիշում եմ, որ հետագայում շատ լավ ընկերներ էին, կին-տղամարդ հարաբերություններն այլևս չկային նրանց մեջ, ու շատ հարազատական զգացումներ կային: Լյոնյան միշտ մեր տուն էր գալիս: Մահվանից առաջ էլ մեր տանը եղել է»:

asekose.am