Իռեն Ուլիխանովան այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Պարուհին Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն ծննդյան օրվա մանրամասների, այլև դեռևս կրկին մայրանալ չցանկանալու, երկրից մեկնելու մտքերի ու առաջիկա անելիքների մասին:
«Երեկ հրավիրված էի ընկերուհուս տարեդարձին, բայց հատուկ այնպես կազմակերպեցի ժամանակս, որպեսզի կեսգիշերին տանը լինեմ: Իսկ ծննդյանս օրվա անակնկալը սկսվեց հենց գեսգիշերից, երբ Վահագնը տորթով ու ծաղիկներով եկավ տուն ու այդպես շնորհավորեց ինձ, նաև ասաց, որ ես դեռ նվեր ունեմ ստանալու օրվա ընթացքում: Սա իսկապես անակնկալ էր, քանի որ շատերը գիտեն՝ Վահագնը ռոմանտիկ չէ: Առաջինն ինձ շնորհավորեցին իմ ամենասիրելի մարդիկ, հարազատներն ու մտերիմները: Այսօր էլ պատրաստվում եմ ընկերներիս հետ նշել տարեդարձս ու մի լավ ուրախանալ»,- նշեց Իռենը, իսկ նկատառմանը, թե որդին մայրիկին ինչպե՞ս է շնորհավորել, Իռենը ծիծաղելով պատասխանեց.
«Տղաս տատիկի տանն էր, դեռևս չենք հանդիպել, բայց հուսով եմ՝ այսօր կտեսնեմ նրան: Թեև տղաս արդեն իր շատ յուրօրինակ շնորհավորանքը հեռախոսով հասցրել է ասել՝ «Մամ, ծնունդդ շնորհավոր, ֆիզկուլտիս շորերը ու՞ր ես դրել»:
Նոր տարիքում պարուհին մեծ ցանկություններ ունի.
«Այս տարի ցանկություններս միայն ինձ համար չեն: Ուզում եմ, որ հարազատներս ու սիրելիներս առողջ լինեն ու միշտ իմ կողքին: Ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն ու կայունություն լինի, սահմաններն էլ անսասան լինեն»,- հավելեց նա:
Իռեն Ուլիխանովան մեծ նպատակներ ունի, որոնց իրականացումը տեսնում է ոչ միայն մեր երկրում.
«Մեծ նպատակներ ունեի ու շատ էի ուզում, որ այն իրականանար հենց մեր երկրում, բայց, քանի որ մեր երկիրը այնքան էլ կայուն չէ թե ֆինանսապես, և թե առհասարակ, ուստի վերջին շրջանում թե ես, թե Վահագնը որոշ հիասթափություններ ունեցանք, ու կստեմ, եթե ասեմ, որ չենք մտածել երկրից մեկնելու մասին: Ինչևէ, ես շատ մեծ հույս ունեմ, որ այս մտքերը իրականություն չեն դառնա, մենք կունենանք բարեկեցիկ ու կայուն երկիր, որտեղ և կցանկանանք ապրել ու արարել: Ես իսկապես շատ եմ ուզում հանգիստ ապրել այնտեղ, որտեղ ծնվել եմ: Ծննդյանս օրը ամենամեծ ցանկությունս այն է, որ մեր ժողովուրդը հանգիստ ապրի ու չմտածի երկրից հեռանալու մասին»,- նշեց նա:
Այն, որ Իռեն Ուլիխանովան ու Վահագն Գրիգորյանը դեռևս չեն մտածում կրկին ծնողներ դառնալու մասին, կապված է նաև երկրում տիրող վիճակի հետ.
«Այն, որ մենք դեռ չենք շտապում կրկին ծնողներ դառնալ, ունի մի շարք պատճառներ: Մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք, իսկ երեխան մեծ խնամք ու ուշադրություն է պահանջում: Միաժամանակ, մեծ նշանակություն ունի կրկին երկրում տիրող վիճակը: Հիմա ես մտահոգվում եմ երեխայիս ապագայի համար ու չեմ ցանկանա ունենալ ևս մեկ երեխա, և այդ պարագայում մտահոգվել իմ երկու երեխաների ապագայի համար: Իսկ առհասարակ, իհարկե, շատ կցանկանանք, որ մեր ընտանիքում համալրում լինի»,- զրույցն ավարտեց հոբելյարը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am