Արփի Գաբրիելյանը՝ Միհրան Ծառուկյանի հետ սիրավեպի լուրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Արփի Գաբրիելյանը՝ Միհրան Ծառուկյանի հետ սիրավեպի լուրերի մասին. life.panorama.am

Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիլյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք երգչուհու և դերասանուհու մասնագիտությունների ընտրության, «Ֆուլ հաուս» սիթքոմի 6-րդ եթերաշրջանի և Լիկայի կերպարի նոր զարգացումների մասին:

– Արփի, թեև իսկզբանե հեռուստադիտողը Ձեզ ճանաչել է որպես երգչուհի, բայց արդեն մի քանի տարի է, ինչ դերասանուհի Արփի Գաբրիելյանը շատերին է գրավել: Ի վերջո՝ այս երկու մասնագիտություններից, ո՞րին եք առավել նախապատվություն տալիս:

– Երգչուհի, դերասանուհի ու նաև հաղորդավարուհի՝ այս երեք մասնագիտություններում ինձ լավ եմ զգում ու չեմ էլ կարողանում առանձնացնել, քանի որ մեծ հաշվով բնագավառը երեքի դեպքում էլ նույնն է: Այո, դեռ փոքր տարիքից երգել եմ, բայց երբ եկավ ընտրության պահը, ես ընտրեցի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Զարգացման ու հասունացման փուլում  էլ մշտապես ինձ այս երկու, անգամ երեք ոլորտները հետաքրքրել են, դրանից ելնելով էլ, փորձել եմ ինձ դրսևորել երեքում էլ, թեև ուսումից ելնելով՝ առաջինն ինձ դերասանուհի եմ համարում: Ուրախ եմ, որ հանրությունն էլ ինձ ընդունել է այդ երեք ոլորտներում և ընկալման խնդրի առաջ ստիպված չեմ եղել կանգնել:

– Որպես դերասանուհի՝ Ձեզ բացահայտեցինք «Ֆուլ հաուս» սիթքոմում: Այժմ այս սիթքոմը ներկայացնում է իր 6-րդ եթերաշրջանն ու պատասխանատվությունը մեծ է՝ պահպանելու այն սերը, որ ձեռք եք բերել այս ընթացքում: Հետաքրքիր է, որպես գործող դերասանուհի, ինչպե՞ս եք պատկերացնում հեռուստադիտողի սերը պահպանելու մեխանիզմը:

– Նախ ասեմ, որ մեր նպատակն է բարձր մակարդակի գործունեությամբ պահպանել այն, ինչ ունենք, իսկ մենք իսկապես, ի ուրախություն բոլորիս, մեծ սեր ենք վայելում: Սիթքոմի ստեղծագործական թիմի առաջնային անելիքը կայանում է նրանում, որ հանկարծ չհասնենք այն կետին, որ ձանձրալի լինի հեռուստադիտողին մեզ նայել:

– Արփի, 6-րդ եթերաշրջանում ի՞նչ է սպասվում Լիկային:

– Առաջին սերիայից հավանաբար շատերը նկատեցին, որ Լիկայի կերպարը փոքր-ինչ շեղումների է ենթարկվել: Այսինքն՝ սիրելին նրան կոտրել է, Լիկան հիմա ավելի սառն է դարձել, չի հավատում սիրուն։  Նոր եթերաշրջանում Լիկայի կյանքում հայտնվել է մեկն, ում հետ շփվում է, քանի որ հիասթափված է նախկին հարաբերություններից: Թեև խաղարկային իմաստով փոփոխություն կա Լիկայի կերպարում, սակայն մենք նաև գիտակցում ենք, որ ամբողջությամբ նախկին կերպարից պետք չէ շեղվել, քանի որ հեռուստադիտողը սիրում է գործող բոլոր հերոսներին՝ իրենց յուրահատկություններով հանդերձ:

– Արփի, սիթքոմի ընթացքում Ձեր ու Միհրան Ծառուկյանի հերոսների մտերմությունը տարատեսակ խոսակցությունների առիթ տվեցին՝ ընդհուպ Ձեզ իրական կյանքում ևս սիրավեպ վերագրեցին: Հետաքրքիր է՝ արդյոք նոր եթերաշրջանում Լիկայի ու Արսենի միջև տարաձայնությունը նաև նման խոսակցությունները հերքելու նպատակ ունե՞ր:

– Իհարկե, նման բան չկա, սա զուտ սյուժետային գիծ է, որը որոշվել է պրոֆեսիոնալ սցենարիստների կողմից:  Ինքս երբեք չեմ սիրել այդ երևույթն ու, առհասարակ, չի կարելի զուգահեռներ տանել սերիալների, սիթքոմների կամ ֆիլմերի հերոսների և դերասանների իրական կյանքի միջև:

– Այժմ ի՞նչ է սպասվում երգչուհի և դերասանուհի Արփի Գաբրիելյանին:

– Չեմ ուզում նախապես խոստումներ տալ, բայց կխոստովանեմ, որ մտադրություն ունեմ ավելի շատ ժամանակ տրամադրել երգարվեստին, որովոհետւ այդպես ինքս էլ եմ ուզում: Իսկ թե ի՞նչ հաճախականությամբ տեսահոլովակներ ու նոր երգեր կներկայացնեմ, հիմա ասել չեմ կարող: Ամեն դեպքում՝ կփորձեմ գործով ներկայանլ, այլ ոչ խոստումներով: Ինչ վերաբերվում է՝որպես դերասանուհի Արփի Գաբրիելյանին, ապա այս առումով ևս պետք է նշեմ, որ անելիքներ ու մտքեր շատ կան, «Ֆուլհաուս»-ի շրջանակում նախատեսված են մի շարք շրջագայություններ, որոնց մասին պրոդյուսերական թիմը կհայտնի: Այս ամենից զատ՝ ես ու Գոռ Հակոբյանը շուտով կշրջագայենք մի շարք արտիստների հետ, որի շրջանակում որպես հաղորդավարներ կներկայանանք:



Նման նյութեր