ԱՄՆ-ում ևս մի դատավոր արգելափակել է Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում ևս մի դատավոր արգելափակել է Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը

ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում համերկրային դատավորն արգելափակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը, որը ժամանակավորապես արգելում է մուսուլմանական վեց երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնել է CNN ամերիկյան հեռուստաալիքը:

Մերիլենդը դարձել է ԱՄՆ-ի երկրորդ նահանգը, որը փորձում է դատարանի միջոցով հասնել երկրի նոր վարչակազմի հակամիգրացիոն կարգադրության չեղարկմանը:

Նախօրյակին Հավայիի նահանգում ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանը ժամանակավոր արգելք է դրել ներգաղթի սահմանափակման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի կատարման  վրա: Այսպիսով, ինչպես նշվում է, դատարանի վճիռը կասեցնում է այն հրամանագրի գործողությունը, որը պետք է ուժի մեջ մտնի մարտի 16-ին:

Թրամփը դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը որակել է «դատական իշխանության լիազորությունների աննախադեպ վերազանցում»: Նա խոստացել է դա չեղարկել ցանկացած միջոցներով: «Մենք այնքան հեռու կգնանք, որքան պահանջվի, այդ թվում նաև մինչև Գերագույն դատարան»,- հայտարարել է նախագահը:

Ավելի վաղ, բացի Հավայիից, Թրամփի ներգաղթային հրամանագիրը վիճարկելու մտադրություն էին հայտնել Նյու Յորքի և Վաշինգտոնի նահանգները:

Նոր խմբագրությամբ փաստաթուղթը Թրամփն ստորագրել է մարտի 6-ին: Հրամանագիրն 90 օրով կարգելի ԱՄՆ ժամանել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիներին: Փաստաթղթի գործողությունը չի տարածվում մինչև հունվարի 27-ը տրված այցագրերի կամ կեցության վկայագրերի տերերին:

Բացի դրանից, 120 օրով կկասեցվի փախստականների ընդունման ծրագիրը: Այս միջոցը չի վերաբերի նրանց, ում ԱՄՆ ժամանման ժամկետ են նշանակել, ում պարտավորվել են ընդունել և արդեն ընդունել են:

Ներգաղթի քաղաքականության  խստացման մասին առաջին հրամանագիրը Թրամփն ստորագրել էր հունվարի 27-ին: Փաստաթուղթը բողոքի ալիք առաջացրեց երկրում, հետագայում դրա գործողությունն արգելափակվեց դատարանի կողմից: