ԱՄՆ-ում ամեն տարի ավելանում է այն գործարարների թիվը, որոնք իրենց առաջին միլիոնն աշխատում են մինչև 25 տարեկան հասակը, իսկ նրանցից ոմանք դա անում են դպրոցական հասակում: Այս երիտասարդ գործարարներն ապացուցել են, որ մեծ գումարներ աշխատելու համար պարտադիր չէ ունենալ երկարամյա փորձ: Ահա նրանցից հինգը և նրանց խորհուրդները:
1. Մայքլ Դելլ (Michael Dell): Տարիքը` 45, Dell Computers-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն:
Իր առաջին միլիոնն աշխատել է 19 տարեկանում: Իր համակարգչային ընկերությունը՝ «Դելլը», հիմնել է 1984 թվականին և զբաղվելով ուղղակի վաճառքներով՝ կարողացել է բավականին իջեցնել համակարգիչների գները, որով և հաղթել է իր մրցակիցներին: Երբ նա 24 տարեկան էր, ընկերության շահույթն արդեն կազմում էր 258 մլն դոլար: Այսօր նրա ընկերության մաքուր շահույթը 13.5 մլրդ դոլար է: Նրա խորհուրդը երիտասարդ գործարարներին՝ «Դուք պետք է բառի ուղիղ իմաստով հիվանդանաք Ձեր գաղափարով: Ես գտնում եմ, որ մարդիկ, որոնք փնտրում են մեծագույն գաղափարներ` գումար աշխատելու համար, այնքան էլ հաջողակ չեն, քան նրանք, ովքեր զբաղվում են նրանով, ինչն իրենց ուրախություն է պատճառում և շահույթ է բերում»:
2. Քեթրին Քուկ (Catherine Cook): Տարիքը` 20: myyearbook.com-ի (սոցիալական ցանց) հիմնադիր: Իր առաջին միլիոնն աշխատել է 18 տարեկանում: Նրա խորհուրդը երիտասարդ գործարարներին՝ «Բավական է խոսել այն մասին, թե ինչ կարելի է անել. սկսեք գործել: Ժամանակը, երբ Դուք երիտասարդ եք, լավագույնն է՝ բիզնես սկսելու համար, քանի դեռ չունեք այնպիսի պարտավորություններ, որոնք ի հայտ են գալու տարիքի հետ: «Ամենավատ» բանը, որ կարող է պատահել անհաջողության դեպքում` փորձի ձեռքբերումն է, որը հաստատ պետք կգա որևէ այլ նախագիծ սկսելիս»:
3. Շոն Բելնիկ (Sean Belnick): Տարիքը` 23: BizChair.com-ի հիմնադիր: Արդեն տասը տարի զբաղվում է կահույքի առցանց վաճառքով: Իր առաջին միլիոնն աշխատել է 16 տարեկանում: Նրա խորհուրդը երիտասարդ գործարարներին՝ «Երբեք շուտ չէ սկսելու համար: Ես սկսել եմ 14 տարեկանից: Համացանցում շատ օգտակար ինֆորմացիա կա, ուղղակի պետք է ուշադիր ուսումնասիրել և գտնել Ձեզ հարմար մեթոդ Ձեր ցանկությունների իրականացման համար»:
4. Ջուլիետ Բրինդակ (Juliette Brindak): Տարիքը` 21: MissOandFriends.com-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն: Նա չի պատմում, թե երբ է աշխատել իր առաջին միլիոնը, բայց արդեն 19 տարեկանում նրա ընկերությունը գնահատվում էր 15 մլն դոլար: Դեռ 10 տարեկանում Ջուլիետը սկսեց նկարել երգիծական աղջիկների, որոնք 2005 թվականին դարձան նրա առցանց ընկերակցության աստղերը: Նրա խորհուրդը երիտասարդ գործարարներին՝ գտնել համերաշխ թիմ, որը կհավատա գաղափարին: «Եթե որևէ մեկը սկսում է կասկածել գործի հաջողությանը, այդ մարդուն պետք է անհապաղ հեռացնել թիմից»:
5. Մեթ Միցկևիչ (Matt Mickiewicz): Տարիքը` 27: Sitepoint-ի, 99 Designs-ի և Flippa-ի հիմնադիր: Իր առաջին միլիոնն աշխատել է 22 տարեկանում: Նրա խորհուրդը երիտասարդ գործարարներին՝ «Մարդիկ, որոնք պնդում են, որ գումար աշխատելու համար գումար է հարկավոր, օգտագործում են բոլոր հնարավոր արդարացումներից ամենավատը: Ստեղծեք որևէ բան, որն անհրաժեշտ է միլիոնավոր մարդկանց` ներկայացնելով որոշումներ, որոնց մասին դեռ ոչ ոք գլխի չի ընկել»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը