Ինչու է կենսակերպը կապված անձնագրի թվի հետ
Advertisement 1000 x 90

Ինչու է կենսակերպը կապված անձնագրի թվի հետ

– Ես ինձ 36 տարեկանում այսպիսին չէի պատկերացնում։ Ես 36 տարեկանի տեսք չունեմ և ինձ 36 տարեկան չեմ զգում… Ես որոշել եմ կանգ առնել 35-ի վրա,- ասում էր հայտնի սերիալի հերոսուհին։

Psifactor.info-ն գրում է, որ այն ժամանակվանից, երբ համացանցը մտել է յուրաքանչյուրի տուն, բացվեցին երկնքի վիհերը։ Եվ ոչ թե այն պատճառով, որ ցանկացած անձ հնարավորություն ստացավ հրապարակայնորեն արտահայտել իր կարծիքը, այլ այն պատճառով, որ մենք իմացանք նրա կարծիքը։ Հերթական հետաքրքրական դիտարկումը վերաբերում է 30 տարեկանից մեծ կանանց արտաքին տեսքին։ Որպես օրինակ՝ կարող ենք դիտարկել վերջերս քննարկումները բազմաթիվ նախագծերի մասին, որոնք կոչված են սովորական մարդուց «շապիկի աղջիկ» ստանալուն։ Որոշ քաղաքացիների թվաց, թե «ծանր» կոսմետիկայի առատությունը և վառ հագուստը զգալիորեն մեծացրել են նախագծի հերոսուհուն, բայց բոլորը կարծում էին, թե հենց այսպիսի տեսք պիտի ունենա կինը 34 տարեկան հասակում։ Իսկ այն, որ նա մինչ այդ նման էր երիտասարդ ուսանողուհու, պարզվեց՝ ծիծաղելի և անհարմար էր։ Պարզվում է՝ կինն այդ տարիքում պետք է «համապատասխան» տեսք ունենա։ Միտքը, թե պետք է համապատասխանել տարիքին, արդեն իսկ անհեթեթ է։ Դա նշանակում է, որ հենց մենք դառնանք … 20, 25, 30 տարեկան, պետք է տխուր աչքերով դեն նետենք պահարանի ողջ պարունակությունը և սկսենք «համապատասխանել տարիքին»։ Արդյոք թիվը որևէ բան նշանակո՞ւմ է։ Որտե՞ղ է սահմանը, որտե՞ղ են հրահանգները։

Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, թե «ինչ է պետք դադարել անել 30 տարեկանից հետո» շարքից։ Եվ խոսքն առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհուրդների մասին չէ, այլ ուշադրության կենտրոնացման անհեթեթ տարիքային սահմանափակումների մասին։ Օրինակ՝ մեծապես հայտնի են 30 տարեկանից բարձր կանանց համար նախատեսված խորհուրդները, որոնց շարքից է՝ գլուխը լվանալու և մի քանի ժամ ավելի քնելու միջև ընտրությունը պետք է կանգ առնի երկրորդի վրա։ Իհարկե, 35 տարեկան կնոջ համար արդեն ամեն ինչ ավարտված է, նույնիսկ պետք չէ գլուխը լվանալ։ Հնարավոր չէ խոսել նաև գենդերային խնդրի մասին. 30 տարեկանից բարձր տղամարդկանց որևէ մեկը խորհուրդ չի տալիս՝ ինչ տեսք ունենալ, և կոչ չի անում համապատասխանել տարիքին։

Ավելին ասեմ. վերջերս հիվանդանոցում էի։ Այնպես էր ստացվել, որ բաժանմունքում այդ պահին բուժվում էին բացառապես 60-70 տարեկան թոշակառուներ։ Այստեղ աչքի էր ընկնում տխուր մի հանգամանք՝ տղամարդկանց և կանանց տարբերությունը։ Անփույթ, ապատիկ կանայք, ովքեր իրենց առհասարակ չհամապատասխանող չափի խալաթներ էին կրում, երևում էին ուրախ, սպորտային հագուստ կրող տղամարդկանց կողքին, ովքեր սիրախաղի մեջ էին մտնում երիտասարդ բուժքույրերի հետ։ Պատկերացրեք հակառակ իրավիճակը. 60-70 տարեկան հիվանդ կանայք սիրախաղի մեջ են մտնում երիտասարդ բժիշկների հետ։ Հնարավոր է՝ նրանց համար հոգեբան կանչեն։

Կա կանանց մի այսպիսի մի տիպ. կանայք՝ առանց տարիքի. այս դեպքում սա հաճոյախոսություն չէ։ Գնալով որդուս դպրոց՝ ծնողական ժողովի, ես երբեմն տեսնում եմ ուսուցչուհու, ով նույն դպրոցում դասավանդում էր դեռ իմ ուսման տարիներին՝ 20 տարի առաջ։ Այդ տարիներից ի վեր նա չի փոխվել։ Ոչ թե այն պատճառով, որ լավ է պահպանվել, ընդհակառակը՝ դեռ այն ժամանակ արդեն նա 60 տարեկանի տեսք ուներ։ Եվ միայն այսօր՝ մի քանի տարի անց, հասկանալի դարձավ, որ նա երիտասարդ կին է եղել։ Հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկը նրան ասել է, թե՝ 34 տարեկան հասակում պետք է համապատասխան տեսք ունենաք։ Մարդկանց մասին հազվադեպ պատմությունները, որոնք պատմում են, որ նրանք «դեռ շարժվում են», ընկալվում են՝ որպես չտեսնված բան։ Օ, Աստված իմ, նրանք զբաղվում են յոգայով և պարում։ Կարելի՞ էր։

Մենք ինքներս ենք սահմանափակում մեզ ու զրկում կյանքից։ Երբեմն համացացնում հարցնում են, թե ի՞նչ կանեիք, եթե վերադառնայիք երիտասարդություն։ Ինչ ասես կպատասխանեն մարդիկ՝ լեզուներ կսովորեի, կճանապարհորդեի, կընտրեի այլ մասնագիտություն… Դա ասում են դեռ երիտասարդ մարդիկ, ովքեր ենթադրում են, թե իրականում կարելի է ապրել միայն 20 տարեկանում։ Իսկ 35 տարեկան հասակում մեր խնդիրն է՝ հերթ կանգնել հնդկաձավար գնելու համար։ Այո, շատ բաներ անցյալում են մնացել։ Հնարավոր է՝ որոշակի տարիքում ինչ-որ մեկը ստիպված լինի հրաժեշտ տալ երազանքներին՝ նեյրովիրաբույժ դառնալու կամ երեխա ունենալու։ Այո, այլևս երբեք 17 տարեկան չեք լինի։ Բայց ամեն դեպքում, կյանքում բազմաթիվ հետաքրքիր երևույթներ կան, և այս դեպքում տարիքն առհասարակ կապ չունի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը