Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում տեղ գտած «Արծվաբույն» ներկայացումը ապրիլի 6–10–ը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կցուցադրվի Ստեփանակերտի, Ղափանի և Գորիսի հանդիսատեսին:
Երկու մասից բաղկացած դրամայի հեղինակը Հրաչ Բեգլարյան է, բեմադրողը` Դավիթ Հարությունյանը։ Գլխավոր դերերում են՝ ՀՀ վաստակավոր դերասանուհի՝ Ջուլիետա Ստեփանյանը, Մարիամ Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Անդրանիկ Զաքարյանը։
Life.panorama.am-ը Արցախյան պատերազմին նվիրված ներկայացման մասին խոսել է դերասանուհի Ջուլետա Ստեփանյանի հետ, ով մարմնավորում է սգավոր մորը:
«Սա շատ կարևոր ներկայացում է, որը պետք է դիտեն բոլորը՝ անկախ տարիքից, որովհետև այն շատ պիտանի գործ է: Ներկայացումը պատմում է 90-ականներին Արցախյան հերոսամարտի մասին, գործոողությունները տեղի են ունենում 1992թ-ից մինչև մեր օրեր: Ներկայացման մեջ անդրադաձ կա նաև այսօր սահմանները անսասան պահող մեր քաջ զինվորներին: Շատ ազդեցիկ կերպով ցուցադրվում է նաև սգավոր մոր ապրումները, ով կորցրել է ամուսնուն, տղան էլ պատերազմի ընթացքում անհետ կորել է, իսկ բախման հետևանքով էլ տանկը ճեղքել է իր տունն ու իր քանդված տան համար պատ է դարձել: Այս 86 տարեկան կինը, մոռանալով իր տարիքը, հոգ է տանում զինվորների մասին: Նա և բարկանում է նրանց վրա, և սիրում է ու մոր նման նվիրվում: Ինձ համար մեծ պատասխանատվություն է, որ այս տատիկին՝ իր դժբախտությամբ, իր ապրելակերպով ու ցավով, ես եմ մարմնավորում»,- պատմեց Ջ. Ստեփանյանը:
«Կարծում եմ՝ շատ ստացված աշխատանք է, որը հասցրել է սիրվել: Երևանում այս ներկայացումը խաղացել ենք երեք անգամ և հատկանշական է, որ հանդիսատեսի շարքում մարդիկ գրեթե չեն փոխվել՝ շատերը երեք անգամ են եկել են դիտելու: Իսկապես, ստացված գործ է, որը պետք է դիտեն բոլորը, ինքս շատ անաչառ կերպով եմ դատում՝ թողնելով մի կողմ փաստը, որ ինքս էլ մասնակցություն ունեմ այս աշխատանքում»,- ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստուհին:
Ջուլիետա Ստեփանյանն այսօր փոքր-ինչ մտավախություն ունի արցախցիների առջև այս ներկայացմամբ հանդես գալու համար.
«Որքան ցանկալի, կրկնակի պատասխանատու է հատկապես արցախցիների առջև ներկայանալը, ովքեր ամեն օր են լսում կրակոցները: Հիմա մի փոքր մտավախություն ունեմ, մտածում եմ, թե խստապահանջ արցախցիները ինչպե՞ս կընդունեն այս աշխատանքը: Ամեն դեպքում՝ մեծ հույս ունեմ, որ նրանց էլ կգոհացնենք, քանի որ կրկնվեմ՝ «Արծվաբույնն» իսկապես շատ ազդեցիկ աշխատանք է»,- հավելեց դերասանուհին:
Վերջին տարիներին Արցախյան պատերազմի մասին ֆիլմերը, նախագծերը, ներկայացումները, երգերն անհամեմատ ավելացել են, այս առումով Ջուլետա Ստեփանյանը հստակ համոզմունք ունի.
«Մշակույթի ներկայացուցիչներն այս կերպ են կարողանում պայքարել, սա էլ մեր զենքն է ու յուրահատուկ պայքարի տեսակ: Ես ցավում եմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ մինչ այսօր սահամաններում խաղաղություն չի տիրում: Այս թեմայով աշխատանքները պետք է էլ ավելի շատանան և դրանք դիտողներն էլ ավելի պետք է ավելանան: Սրանք կազդեն նաև, որպեսզի հատկապես մեր տղամարդիկ ամեն օր ու ամեն վայրկյան զգոն լինեն, պատրաստ ու քաջ լինեն՝ հարկ եղած դեպքում կանգնել մեր զինվորների կողքին ու կրկին մեր սահմաններն անառիկ պահեն: Չէ, որ նրանք են մեր խաղաղությունը պահպանողները: Մեզնից ոչ մեկ չպետք է հանգիստ քնի՝ մտածելով, որ մեր երիտասարդ զինվորները հոգ են տանում մեր խաղաղ քնի մասին, մեզնից յուրաքանչյուրը պետք է քնելիս էլ զգոն լինի և ինքն իր վրա մեծ պարտականություն վերցնի՝ գիտակցմամբ, որ պետք է զինվորի կողքին լինել ամեն օր: Ինչպես ներկայացման մեջ եմ ասում՝ «Ուզում եմ, որ հպարտ ու ուժեղ կանգնենք մեր հողի վրա, որովհետև եթե մենք տեր չլինենք մեր երկրին, ուրիշը կտիրանա: Լացուկոցով հող հետ չենք բերի»»,- ավարտեց դերասանուհին: