Ֆաեզե Հաշեմին, Իրանի նախկին նախագահ Ալի Ակբար Հաշեմի-Ռաֆսանջանիի դուստրը, կեղծ տեղեկություններ էր տարածել Իրանի դատական իշխանության ղեկավարության բանկային հաշիվների մասին, ինչի համար դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է FARS գործակալությունը։
Նախօրեին արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրանական ընդդիմադիր աղբյուրները, տարածել են տեղեկություն այն մասին, որ Ֆազզե Հաշեմին դատապարտվել է «հակակառավարական քարոզչության» համար։ Այս կապակցությամբ գործակալությունը հայտնում է, որ փաստաբանները հրաժարվել են մեկնաբանել իրենց պաշտպանյալի կալանավորումը, սակայն դատական աղբյուրները հաստատել են նրա դատավճիռը։
Իրանի օրենսդրությունը պաշտոնյաներին արատավորող նմանատիպ գործողությունների համար նախատեսում է երկու ամսից մինչև երկու տարի ազատազրկում կամ ֆիզիկական պատիժ՝ մտրակի 74 հարված։
2012-ին Ֆազզե Հաշեմին դատապարտված է եղել կես տարվա ազատազրկման ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու ու իշխանություններին վիրավորելու համար։ Նրա եղբայրը՝ Մեհդի Ռաֆսանջանին, հիմա կրում է իր 15 –ամյա ազատազրկման պատիժը՝ ֆինանսական խաբեությունների համար։
Ալի Ակբար Հաշեմի- Ռաֆսանջանին Իրանի նախագահ է եղել 1989-1997 թթ։
Այս տարվա հունվարին Ալի Ակբար Հաշեմի- Ռաֆսանջանին մահացել է 82 տարեկանում, սրտի նոպայից։
news.am