ARLOOPA հայկական ընկերությունը, որը զբաղվում է վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաների մշակմամբ, առաջին անգամ չէ, որ մասնակցություն է ունենում Coca-Cola ընկերության գովազդային արշավներում: Դեռ 2014-ին Հայաստանում հնարավոր էր օգտագործել Coca-Cola Magic հավելվածը, որը թույլ էր տալիս սմարթֆոնը պահել խմիչքի լոգոյի վրա, և կհայտնվեր Ձմեռ պապը, ով ձեզ համար Ամանորի երգեր կերգեր:
ARLOOPA ընկերության գործադիր տնօրեն Արման Աթոյանը տեղեկացնում է, որ այժմ հայկական հավելվածն օգտագործվում է նաև հյութերի հայտնի ընկերության Coke Quartett գովազդային արշավում:
Գովազդային արշավն իրականացվում է Ավստրիայում: Ընկերությունն առաջարկել է հյութերի սիրահարներին բեռնել հայկական հավելվածը, պահել այն Coca-Cola-ի ցանկացած տարբերանշանի վրա, որից հետո կհայտնվեն հյութերի 4 տարբեր տեսակների շշերը: Այուհետև պետք է սքրինշոթի միջոցով հրապարակել այդ լուսանկարն Instagram-ում՝ #cokequartett հաշթեգով: Այս մրցույթին կարելի է մասնակցել մինչև մարտի 31-ը:
Սա հայկական ընկերության առաջին հաջողությունը չէ Ավստրիայում: Ինչպես արդեն պատմել էինք, հայկական ընկերության ստեղծած վիրտուալ իրականությունն արտացոլող դասագիրքն արդեն ներկայացվել է ավստրիական դպրոցներում՝ դեմո տարբերակով: Ավստրիական դպրոցներում հավելվածի ներդրումը հնարավոր է դարձել ARLOOPA-ի գործընկերոջ՝ AMLOGY-ի միջոցով:
Սիրարփի Աղաբաբյան