Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Բաղիյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227-րդ կմ հատվածում իր վարած Akura մակնիշի 22 ԼՍ 072 համարանիշի ավտոմեքենայով դեպի Գորիս ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Բաղիյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 59-ամյա Հայկ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ ճանապարհային ոստիկաններն ու Գորիսի ոստիկանները՝ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գլխավորությամբ հայտնաբերել են 12 ՏՉ մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և «Տոզ 17» տիպի 5.6 մմ ՏՉ ակոսավոր հրացան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Գորիսի ոստիկանապետը։ Ստուգման նպատակով նշված զենքերը իրենց փաստաթղթերով Ճանապարհային ոստիկանության 6-րդ վաշտի հետաքննիչ Տիգրան Վարդանյանի կողմից առգրավվել են։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ամբողջությամբ՝ shamshyan.com