Երեկ համացանցում հայտնվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից մեկի՝ բժշկական գիտությունների թեկնածու, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ, ներքին գործերի ու պաշտպանության նախարարությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովհաննիսյանի ցուցապաստառը, որն ակտիվ քննարկման թեմա դարձավ նրան ճանաչողների շրջանակում։ Այսօր ցուցապաստառն արդեն փակցված էր փողոցներում։ Բանն այն է, որ ցուցապաստառում և՛ լուսանկարն է արտառոց՝ թուրը ձեռքերին, թագը գլխներին, այնպիսի տպավորություն է, թե հերոսները հաղթանակած վերադարձել են մարտի դաշտից, և՛ կարգախոսը ՝ «Ձեր ձայնը մեզ, իշխանությունը ձեզ»։
Մենք Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է խորհրդանշում այս ցուցապաստառը։
«Թուրը, այդ խեղճուկրակ ընտանիքի գլխին դրված թագը և թիկնոցը խորհրդանշում են իշխանությունը։ Սա նշանակում է՝ իշխանությունը տալիս ենք հասարակ ժողովրդին, հասարակությանը։ Ես այս ընտանիքին հանդիպել եմ փողոցում, քայլում էի Գյումրիի հրապարակում ու պատահական տեսա իրենց, կանգնեցրեցի, խնդրեցի, թե դուք կնկարվե՞ք իմ հետ, իրենք մեծ սիրով համաձայնել են։ Ես էլ սիրով իրենց հետ նկարվեցի, և ինձ համար սա աշխարհի ամենագեղեցիկ նկարն է․ իմ հասարակ ժողովրդի կողքը կանգնած՝ ես իրենց վերադարձնում եմ իշխանությունը։ Մի խոսքով, հանպատրաստից նկարել ենք, իրենք ձայնը մեզ են տալիս, իսկ մենք իշխանությունը իրենց ենք վերադարձնում, այն իշխանությունը, որը միշտ իրենն է եղել։ Թուրը, թագը, թիկնոցը իշխանություն են, երեք բառերն էլ «թ»-ով են։ Ուշադրություն դարձրեք, «թ»-ով սկսվում է նաև թագավորությունը, «թ»-ով սկսվող ամեն ինչ մենք իրենց ենք տալիս, իրենք էլ իրենց ձայնն են մեզ տալիս», – մեկնաբանեց թեկնածուն։
Մեր դիտարկմանը՝ մի քիչ ռոմանտիկ չէ՞ այս ցուցապաստառը, թեկնածուն ասաց․«Դուք գիտեք, որ ես մի քիչ ռոմանտիկ մարդ եմ»։ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ նման ցուցապաստառ ունենալու մտահղացումը իրենն է։
aravot.am