Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մայրաքաղաքում է հյուրընկալվել «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: Այն հանգրվանել է Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող զբոսայգում: Անդրանիկ ներկայացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Կրկեսային բազմաժանր ներկայացումները Երևանում նախատեսվում են մինչև մայիսի վերջ` ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, աշխատանքային օրերին մեկական, իսկ հանգսյան օրերին՝ երկուական ներկայացմամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով կրկեսային կենդանիները Երևանում կլինեն մի քանի օր ուշացմամբ: Բոլոր այն այցելուները, ովքեր ներկայացումները կդիտեն առանց կենդանիների մասնակցությամբ համարների, նույն տոմսերով և արդեն ամբողջական ծրագրին կարող են հետևել կիրակի օրը, մարտի 26-ին նախատեսված ներկայացումների ժամին: