Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Երևանում տեղի ունեցավ «Armenian Brands» SS 2017 ցուցադրությունը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Տիկին Հակոբյանը հետաքրքրությամբ ուսումնասիրում էր հայ դիզայներների աշխատանքները, հաճոյախոսություններ ու գովեստի խոսքեր ասում: Սփյուռքի նախարարի աչքից չվրիպեցին հայ գեղեցիկ մոդելներ, նրա հաճոյախոսությանն արժանացան նաև Wnews.am-ի աղջիկները: Տիկին Հակոբյանը կրում էր երկնագույն կոստյում, որը զարդարել էր թրենդային բրոշով:
Ցուցադրություններից հետո Սփյուռքի նախարարը Wnews.am-ի հետ կիսվեց իր տպավորություններով:
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ չափազանց կարևոր էին հայկական զարդանախշերը, հայկական շունչը, որ կար հավաքածուում.
«Ինձ շատ դուր եկան հայկական գորգերի նախշերով հագուստները, հայկական բնապատկերներով պայուսակները, ինքս հաճույքով կկրեմ հայկական զարդանախշերով շարֆեր»:
Տիկին Հակոբյանը սեփական առաջարկն արեց հայ դիզաներներին. « Շատ գեղեցիկ կլիներ շարֆերի վրա պատկերել հայկական թռչնագիրը»:
Հրանուշ Հակոբյանը գոհ էր ցուցադրությունից «Տեսանք կյանքի բոլոր իրավիճակների համար նախատեսված հագուստ՝ առօրյա, դասական, երեկոյան: Յուրաքանչյուրը կարող է գտնել իր ոճին համապատասխան որևէ բան»:
Սեփական ոճի մասին խոսելով ՝ՀՀ Սփյուռքի նախարարը նշեց, որ նախընտրում է դասական հագուստ,, ինչը պարտադրում է նաև աշխատանքը:
«Սիրում եմ աքսեսուարներ օգտագործել, օրինակ՝ ամենախիստ կոստյումն էլ կարելի է զարդարել գեղեցիկ բրոշով, ինչը ես հաճախ անում եմ: Յուրաքանչյուր բրոշ իր նշանակությունն ունի և իր ասելիքը, նայած թե որտեղ եմ դրանով ներկայանում՝ դիվանագիտական լուրջ հանդիպման, թե որևէ ժամանցային միջոցառման»:
Մեր դիտարկմանը, որ այսօր ևս բրոշ է կրում, ինչ է այն նշանակում, Տիկին Հակոբյանը պատասխանեց. «Այսօր թիթեռով բրոշ եմ կրում, որը խորհրդանշում է թեթևություն, ճախրանք, ազատություն»:
Խոսելով հայուհիների և այլազգի կանանց մասին՝ Տիկին Հակոբյանը նկատեց, որ հայ աղջիկները չափազանց գեղեցիկ են. «Միշտ խնամված, շպարված, գեղեցիկ հագնված: Մեր հայ աղջիկները շատ են տարբերվում: Արտասահմանում նման բան չեք տեսնի: Միայն հատուկ առիթների ժամանակ: Ինձ դա դուր է գալիս, թեպետ երբեմն դասի գնալը բարձրակրունկներով այնքան էլ չեմ ողջունում»: