«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում` ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» ծրագրի արդյունքում էներգաարդյունավետ բարեկարգման միջոցառումներ են իրականացվել Երևանի 10 բազմաբնակարան շենքերում:
Մարտի 21-ին կայացավ ծրագրի փակման համաժողովը, որի նպատակն էր մեկտեղել հիմնական շահագրգիռ կողմերին, որոնցից են ֆինանսական կառույցների, տեղական իշխանությունների, համատիրությունների ներկայացուցիչներին և ոլորտի այլ մասնագետների` համատեղ քննարկելու ԲԲՇԷԱԲ ծրագրի արդյունքները: Միջոցառման ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակում ձեռք բերված փորձը, և քննարկվեցին ի հայտ եկած խնդիրների հնարավոր լուծումները: Միջոցառմանը ողջույնի խոսքով հ անդես եկավ «Հաբիթաթ Արմենիայի» գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը, ով նշեց, թե միջոցառման կազմակերպման ժամանակ իրենք մտածում էին, որ այն ավարտելու են, սակայն դեռևս բանակցություներ են ընթանում ծրագրի շարունակականության համար:
«Մենք ինքներս ենք հասկանում, որ կան խնդիրներ և դրանք հարկավոր է լուծել: Այս ամենը հեշտ չէ: Մենք վերանորոգել ենք 10 բազմաբնակարան շենք: 519 ընտանիք ունեն ավելի բարելավված բնակարանային պայմաններ, սակայն սա աշխատանքի մի մասն է: Մյուս մասով մենք աշխատել ենք համատիրությունների հետ: Մենք բարձրացրել ենք նրանց կարողությունները»,- ասաց Վարդանյանը:
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի տարածաշրջանայինգրասենյակի գործառնությունների գծով տնօրենի օգնական Քոնոր Հանանը նշեց, որ իր առաջին այցելությունից մինչ այժմ առաջընթաց է գրանցվել էներգախնայողության ոլորտում:
«Մենք ուզում ենք աշխատել գործունյա շուկայի հետ՝ էներգետիկ համակարգի արժեքային շղթայի փոփոխության համար: Ուզում ենք, որ բոլորը կարողանան մշակել և իրականացնել իրենց էներգաարդյունաբերության ծրագրերը: Ուզում ենք, որ դրանով զբաղվեն նաև համայնքներում»,-ասաց նա` հավելելով, որ չնայած միջոցառման փակման արարողությունն է հիմա տեղի ունենում, սակայն այն լինելու է շարունակական:
Հանանի խոսքով` Հայաստանում իրականացվող այս ծրագիրը տարածաշրջանի կարևորագույն ծրագրերից մեկն է համարվում, և այստեղ կարևոր է, որպեսզի ոլորտում առկա խնդիրների բացահայտումը:
Տարածաշրջանային գրասենյակի ԲԲՇԷԱԲ ծրագրի ղեկավար Բեսիմ Նեբիուի կարծիքով, աղքատ բնակիչների մեծ մասը հանդիպում է էներգախնայողության խնդրին:
«Անցյալում էներգախնայողությանը քիչ տեղ էին հատկացնում: Հիմա էներգիայի արժեքը բարձրացել է, ինչպես նաև այն շահագործման ու պահպանման եղանակը, որ կար նախկինում այժմ գոյություն չունի: Պետք է հանգենք այն կետին, որ նվազեցնենք բնակարանների էներգետիկ ծախսերը»,- նշեց Նեբիուն` կատարած աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով Հայաստանում իր գործընկերներին:
Ծրագրի ղեկավար Կարեն Ասատրյանի հավաստմամբ` ծրագրի առջև դրված բոլոր խնդիրները հաղթահարված են: Առաջին անգամ Հայաստանում համատիրություններին հաջողվեց վարկային միջոցների ներգրավմամբ իրականացնել բազմաբնակարան շենքի վերանորոգման աշխատանքներ` հիմնվելով միմիայն սեփական ուժերի վրա: