Հայկական PicsArt հավելվածն իր օգտատերերին է ներկայացրել նոր գործառույթ, ինչպես նաև՝ թարմացված տարբերակը:
PicsArt-ը ֆոտոխմբագրման առաջատար հավելվածներից մեկն է: PicsArt-ի միջոցով հնարավոր է նկարել, ընկերների հետ համատեղ լուսանկարներ խմբագրել, ստիկերներ պատրաստել և ներկայացնել այդ ստեղծագործություններն աշխարհին: PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ էֆեկտներով:
Հավելվածն իր օգտատերերին հնարավորություն է տալիս ազատ օգտագործման համար ստիկերներ ստեղծել ու կիսվել դրանցով աշխարհի հետ: Օգտատերերի ստեղծած ստիկերները կարելի է օգտագործել նկարներ խմբագրելու, ընկերների հետ PicsArt Remix Chat-ի, ինչպես նաև ցանկացած այլ սոցցանցի կամ ծառայության միջոցով շփվելու համար:
Լուսանկարների մշակումից, կոլաժների պատրաստումից, նկարչությունից և համատեղ խմբագրումից բացի, այս նոր գործառույթով PicsArt-ը զվարճանքի և ստեղծագործման հավելյալ հնարավորություններ է ընձեռում իր օգտատերերին։ PicsArt-ի թարմացված տարբերակը, որը հասանելի է iOS և Android հարթակներում, ստիկերներ պատրաստելու համար խմբագրման բազմազան հնարավորություններ է պարունակում։ Ավելին, ստիկեր պատրաստելիս օգտատերերը կարող են օգտվել PicsArt-ի վեց միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարներից։ Ի դեպ, PicsArt-ի այս ազատ օգտագործման համար հասանելի լուսանկարների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:
Արդեն այսօրվանից PicsArt հավելվածի օգտատերերն ինքնուրույն կստեղծեն ու կխմբագրեն ազատ օգտագործման համար հասանելի ստիկեր: Ավելին, բոլոր ստիկերների հեղինակները նշված են, իսկ ստիկերները խմբավորված են մեկ տեղում՝ հնարավորություն տալով օգտատերերին բացահայտել ընկերների կամ այլ հեղինակների կողմից պատրաստված ամենատարածված ստիկերները:
Յուրաքանչյուր օգտատեր կարող է հասանելի ստիկերները նաև խմբագրել՝ օգտվելով, օրինակ, բազվաթիվ «խելացի» Magic Effect-ներից, նկարչական գործիքներից կամ այլ խմբագրման միջոցներից։ Ստիկերները կարելի է պահել անհատական էջում, օգտագործել նկարներ խմբագրելիս ու նկարները մեկնաբանելիս, տարածել դրանք PicsArt-ի Remix չաթի, ինչպես նաև Instagram-ի, Facebook-ի, Messenger-ի, WhatsApp-ի կամ այլ սոցիալական ցանցերի ու ծառայությունների միջոցով:
PicsArt ստիկերների հնարավորություններն անսահման են: Օրինակ, կարելի է սիրելի շնիկի նկարից նրա դեմքով «emoji» ստիկեր պատրաստել, սեփական դեմքով ստիկեր պատրաստել, որը կարելի է տեղադրել հանրահայտ մարդկանց նկարներում կամ ընկերների նկարներում, որտեղ դուք չկաք, հնարավոր է պատրաստել ծննդյան տարեդարձի համար բացիկներ, և այլն: Հնարավոր է նաև սիրված մուլտհերոսների, Հարության կամ այլ տոնի նվիրված ստիկերներ ստեղծել ու տեղադրել դրանք լուսանկարների վրա:
PicsArt ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը նշում է, որ ստիկերներն ընդարձակում են օգտատերերի ստեղծագործելու և ինքնարտահայտվելու հնարավորությունները:
«Երբ մենք թողարկեցինք ճշգրիտ ու հզոր ֆունկցիաներով աշխատող Cutout գործիքը, այն դարձավ ամենաօգտագործվողներից մեկը. այսօր օրական ավելի քան 200 հազար օգտատեր cutout-ով նկարներ և կոլաժներ են պատրաստում: Ուստի մենք որոշեցինք զարգացնել cutout-ը՝ խրախուսելով օգտատերերի անհատականությունն ու ստեղծարարությունը, միաժամանակ՝ տրամադրելով ստիկերների ստեղծման, տարածման և բացահայտման համար մի շարք հնարավորություններ»,- նշում է Հովհաննես Ավոյանը:
Նշենք նաև, որ PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով գրեթե ամբողջ աշխարհում: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր:
Սիրարփի Աղաբաբյան