2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 21-ին այցելել է Շիրակի մարզ:
«Մեր ամբողջ ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի բարվոք, ունենա աշխատանք և նորմալ կենցաղային պայմաններ: Մենք գիտենք՝ դա ինչպես անել», – Ազատան և Արևիկ համայնքների բնակչության հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը, պատասխանել բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի՝ սոցիալական ոլորտից մինչև համայնքային ենթակառուցվածքների բարելավում և զարգացում: Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալը խոսել է ըստ ոլորտների նախատեսվող ծրագրերի ու բարեփոխումների մասին, ինչպես նաև ամփոփ հաշվետվություն ներկայացրել մինչ օրս կատարված աշխատանքի վերաբերյալ:
«Իմ պատկերացմամբ, մեր թիմի պատկերացմամբ՝ յուրաքանչյուր համայնքի առաջ գնալու ճիշտ ուղին զարգացման հնգամյա ծրագիրն է, որում բնակիչները պետք է ներկայացնեն իրենց համայնքի խնդիրները և կոնկրետ առաջարկություններ տան դրանց լուծման վերաբերյալ: Ես՝ որպես վարչապետ, գիտեմ՝ երկիրն ինչպես առաջ տանենք: Բայց դրա համար ինձ ձեր օգնությունն է պետք, և որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչենք, մենք գոնե առնվազն ձեր մասնակցությամբ պետք է իմանանք ձեր խնդիրները: Երբ մենք ձեզ հետ միասին թվայնացնենք, գույքագրենք առկա բոլոր պրոբլեմները, հայտարարելու ենք, թե խնդիրը երբ ենք լուծելու և բացատրելու ենք ինչու, որովհետև մեր կարողություններն այսօր այսքանն են: Անելու ենք ամեն ինչ՝ մեր կարողությունները տարեցտարի ավելացնելու համար, որպեսզի համայնքի զարգացման գործում մեր միջամտության հնարավորությունը մեծանա», – ասել է Կարեն Կարապետյանը:
ՀՀԿ առաջին փոխնախագահը հորդորել է բնակիչներին լինել ակտիվ, ապրիլի 2-ին կատարել իրենց քաղաքացիական պարտքը և ընտրությունը. «Սիրելի′ ժողովուրդ, յուրաքանչյուրիս վաղվա օրը մեր ձեռքում է: Մենք մեր երկիրը, մեր համայնքը կարող ենք կառուցել: Դուք պետք է որոշեք՝ ում եք վստահում ձեր երեխայի վաղվա օրը, ում եք ուզում, որ ձեր երկիրը ներկայացնի, կրթությունը փոխի, բիզնեսը զարգացնի և այլն: Մենք ունենք բավական ներկայացուցչական ռեյտինգային թիմ, որից դուք կարող եք ըստ ձեր ցանկության ընտրություն կատարել: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչի տակ ենք մեր գլուխը դնում: Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, մենք գալու ենք, ձեզ հաշվետվություն տանք: Ձեզ հետ 4-5 տարին մեկ անգամ հանդիպելու, խնդիրները մաս-մաս քննարկելու, լուծելու կամ չլուծելու տարբերակ չենք ունենալու, հստակ գնալու ենք այն ուղղությամբ, որի մասին բոլորս մտքում, գուցեև չձևակերպված, երազում ենք», – իր ելույթում հայտարարել է Կարեն Կարապետյանը: