ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Loft» ինքնազարգացման կենտրոնի աջակցությամբ ՀՀ մարզերի գրադարաններում նոր ծառայություններ կմատուցվեն, ընտանեկան ժամանցի կազմակերպման հնարավորություններ և պայմաններ կստեղծվեն: Այս կապակցությամբ մարտի 22-ին «Loft»-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև համաձայնագիր ստորագրվեց:
«Այս համաձայնագրի ստորագրմամբ մենք ՀՀ մարզային Հրազդանի և Վանաձորի գրադարաններում նոր ծառայությունների մատուցման սկիզբ ենք դնում: Գրադարանային ծառայությունը դարձնելու ենք ընտանեկան հանգստի, ժամանցի կենտրոններ: Երկար քննարկումներից հետո եկանք այն եզրահանգմանը, որ կիրառելու ենք «Loft»-ի բիզնես-մոդելը»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նախարարի խոսքով` իրենք ցանկանում են այս ծրագրում ներգրավել նաև այլ կազմակերպությունների, որոնք կկարողանան ներդրումներ կատարել ՀՀ բոլոր մարզերի գրադարանների արդիականացման գործում: «Մեր ռուսաստանաբնակ երկու հայրենակիցները առաջարկել են օգնել, որ ամբողջությամբ նորոգվեն Մարտունու և Սևանի գրադարանները»,- շեշտեց նա:
Ամիրյանն ընդգծեց, որ մինչև տարվա վերջ ՀՀ մարզերում կտեղակայվեն բիբլիոբուսներ, որտեղից մարդիկ կկարողանան գրքեր գնել, դրանք վերցնել ու ընթերցել:
«Loft» ինքնազարգացման կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանն ասաց, որ այս համագործակցության նպատակը երիտասարդներին գրքին ավելի մոտեցնելն է:
«Մարզային գրադարաններում ստեղծելու ենք միջավայր, որն ունի «Loft»-ը: Այն բաց տարածք է, որտեղ մշակութային, կրթական և այլ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կա: Ցանկանում ենք գիրք կարդալը դարձնել նորաձև»,-ընդգծեց տնօրենը:
Ծրագրի հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ քննարկման փուլում են, ուստի կոնկրետ գրադարանները դեռ ընտրված չեն: