Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի եվրատեսիլյան՝ «Fly with me» երգը և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի դրական կարծիքների կողքին կան մի շարք բացասական տեսակետներ: Համացանցային օգտատերերի մեծամասնությունը եվրատեսիլյան այս տարվա տեսահոլովակը նմանեցնում են չինական կամ ճապոնական տեսահոլովակի, հետևաբար Արծվիկ Հարությունյանի կերպարն էլ՝ գեյշայի կերպարի: Իսկ ինչ վերաբերում է երգին, ապա ըստ շատերի՝ «Fly with me»-ն ձանձրալի երգ է և բացարձակ չի համապատասխանում եվրատեսիլյան չափանիշներին: Իսկ թե վերջապես որո՞նք են այդ չափանիշները և արդյո՞ք ըստ նախնական արդյունքի՝ Հայաստանն այս տարի հաղթելու հավանականություն ունի, Asekose.am-ը փորձեց պարզել «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դիանա Մնացականյանի հետ:
«Չգիտեմ տարօրինակ է, թե՝ ոչ, բայց երբ ես հետևում եմ մրցույթի արտասահմանյան երկրպագուների կարծիքներին, որոնք վերաբերում են Արծվիկին և Արծվիկի երգին, հասկանում եմ, որ դրանք բավականին լավատեսական են, նույնիսկ այս պահին ըստ բուքմեյքերների՝ Արծվիկը գտնվում է 7-րդ հորիզոնականում: Իսկ երբ հետևում եմ հայաստանյան երկրպագուների կարծիքներին, ինձ մոտ դիսոնանս է առաջանում: Սա ինձ հիշեցնում է 2006թ-ը, երբ Հայաստանը պետք է ներկայացներ Անդրեն: Այստեղ անխտիր բոլորը քննադատում էին Անդրեի երգը, դրա հնչողությունն ու գործիքավորումը, իսկ Եվրոպայում պատկերն այլ էր: Բայց պետք է նշեմ նաև, որ դեռ շատ վաղ է որևէ կանխագուշակում անել, մինչև չտեսնեմ ելույթի առաջին փորձը, չլսեմ Արծվիկի հարցազրույցները, հստակ ոչինչ ասել չեմ կարող»,- նշեց Դիանան:
Անդրադառնալով «Fly with me» տեսահոլովակին՝ Դիանա Մնացականյանը նկատեց, որը ըստ իր անձնական կարծիքի՝ դրա առկայությունը կամ բացակայությունը մեծ նշանակություն չունի.
«Տեսահոլովակները, առհասարակ, անհրաժեշտ են լինում այն ժամանակ, երբ հաղթող երգը պետք է եթեր տրվի երաժշտական այնպիսի հեռուստաալիքներով, ինչպիսիք են, օրինակ՝ MTV-ն, Bridge Time-ը և այլն: Այս դեպքում տեսահոլովակը և երգը պետք է իրենց ֆորմատով համապատասխանեն այս կամ այն հայտնի հեռուստաալիքի տեխնիկական ու որակական պահանջներին: Հասցրել եմ դիտել մի քանի երկրների տեսահոլովակները և կարող եմ նշել, որ հաղթանակի դեպքում, օրինակ, Բելգիայի ներկայացուցչի տեսահոլովակն ավելի մեծ հավանականությամբ կհայտնվի նշյալ ալիքների եթերում, քանի որ պատկերի ու երգի ֆորմատով լիովին համապատասխանում է ոչ միայն այդ ալիքների պահանջներին, այլև լիակատար կերպով արտացոլում է ժամանակակից փոփ-երաժշտության, թերևս, ամենատարածված ու ամենազարգացող ճյուղերից մեկը՝ էլեկտրոփոփը»,- նշեց Դիանան՝ շարունակելով.
«Գուցե նաև Արծվիկը բեմում ինչ-որ ֆանտաստիկ բան ցուցադրի՝ այդ կերպ ամրապնդելով բուքմեյքերների մոտ իր ունեցած տեղն ու դիրքը: Կկրկնվեմ, անշուշտ, բեմականացման առաջին փորձը դիտելուց հետո միայն կարելի է ասել, թե արդյոք նրան կհաջողվի հայտնվել լավագույն հնգյակում կամ մնալ տասնյակում: Մինչև չտեսնենք, թե ինչպես է նա իրեն դրսևորում մամուլի ասուլիսներում, լրագրողների հետ զրույցներում, մինչև չլսենք կենդանի կատարումը, ոչինչ կանխատեսել չենք կարող: Հիշեք թեկուզ անցած տարվա մեր ներկայացուցչի՝ Իվետա Մուկուչյանի օրինակը, երբ սկզբում նրա երգը շատերը չէին ողջունում, չէին հավանում, իսկ արդեն եվրատեսիլյան բեմում նրա կերպարի, մատուցման շնորհիվ պատկերը բոլորովին այլ դարձավ»,- պարզաբանեց Դիանա Մնացականյանը:
Հարցին՝ իսկ արդյո՞ք առանց ֆանտաստիկ որևէ բան ցուցադրելու Արծվիկին չի հաջողվի գրավել եվրոպացիներին և հայտնվել ցանկալի հորիզոնականներում, Դիանան պատասխանեց.
«Երգի բեմականացումը պետք է լինի նույնքան փորձարարական, որքան այս տարվա ստեղծագործությունն է, որն, ի դեպ, այնքան էքսպերեմենտալ է, որ չգիտեմ անգամ, այն երգ կարող ենք անվանել, թե՝ ոչ»,- իր տեսակետը հայտնեց Դիանան:
Մեկնաբանելով համացանցում տարածված քննարկումները՝ ըստ որոնց՝ տեսահոլովակը չինական կամ ճապոնական մոտիվներով է արված, Դիանան նկատեց.
«Մրցույթի այս տարվա թեման սա է. «Եկեք տոնենք զանազանությունը»: Կարծում եմ՝ հենց սրա հիման վրա է, որ իրենք փորձել են իսկապես տոնել զանազանությունը և նույնիսկ իրենք են նշում, որ երգի մեջ միախառնել են տարբեր ազգերի ֆոլկլորի տարրեր՝ այդ կերպ ստանալով ինչ-որ ընդհանուր ստեղծագործություն. կրկին դժվարանում եմ դա երգ անվանել: Իրենք իրենց առջև դրել են այսպիսի մի խնդիր՝ այս տարի կատարել փորձ, թե որքանով այդ փորձը կստացվի, չգիտեմ»,- ասաց Դիանա Մնացականյանը:
Ըստ վերջինիս խոսքի՝ առհասարակ, եվրատեսիլյան հստակ չափանիշներ չկան: Ինչպես նշեց Դիանան, «Եվրատեսիլ»-ի ձևաչափը հիմնականում հենց նորարարությունն է, որն այս տարի փորձել են անել Հայաստանի ներկայացուցիչները:
«Ամեն դեպքում, մեր պատվիրակությունը ռիսկի է դիմել, ինչը ողջունելի է: Այս ռիսկը կարող է և շատ լավ և շատ վատ արդյունքի բերել: Շատ վատ արդյունք ասելով՝ նկատի ունեմ, օրինակ, 20-րդ հորիզոնականը»,- ասաց Դիանա Մնացականյանը՝ հավելելով.
«Այն, որ Հայաստանը եզրափակիչ փուլ կանցնի, դա հաստատ է և դա կլինի հենց երգի շնորհիվ, բայց հաղթանակը, բնականաբար, մերը չի լինի»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարը՝ հայտնելով, որ ըստ նախնական իր վարկածի՝ մրցույթում որպես հաղթող տեսնում է Իտալիայի կամ Բելգիայի ներկայացուցիչներին: