«Փոխնակ մայրը» հեռուստասերիալից հետո դերասանուհի Եվա Բաղդասարայնն այս շրջանում վայելում է սպասված հանգիստը և սպասում է ցանկալի առաջարկների: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ հեռուստասերիալի ավարտից հետո հասցրել է մի քանի առաջարկներ ստանալ, բայց հրաժարվել է.
«Շուրջ 9 ամիս առավոտից մինչև երեկո աշխատելուց հետո հիմա վայելում եմ հանգիստս: Թեև պետք է նշեմ նաև, որ արդեն իսկ երկու առաջարկ եմ ստացել, բայց ստիպված եղա մերժել, քանի որ մեկը երկրորդական դեր էր, որը ես չեմ ուզում, իսկ մյուսում պետք է բաց տեսարաններ ունենայի, ինչը երբեք չեմ անի: Ինձ համար շատ կարևոր է կեպարը, որով պետք է ներկայնամ հանրությանը: Հիմա կսպասեմ լավ առաջարկների, որի ընթացքում էլ ավելի լավ կհանգստանամ և շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս և ընկերոջս»,- նշեց Եվան ու հավելեց.
«Վերջին 9 ամիսնրի ընթացքում ընկերոջս հետ շատ քիչ ժամանակ եմ անցկացրել, քանի որ ծանրաբեռնված աշխատանքից հետո անընդհատ հոգնած էի լինում, բացի այդ, ժամանակ էլ չէի լինում: Այնպես որ, հիմա ավելի շատ կլինենք միասին»:
Մեր նկատառմանը, թե բաց տեսարաններում նկարահանվելուց հրաժարվելու պատճառը սեփական համոզմունքներն են, թե ընտանիքի, ընկերոջ պահանջը, Եվան նկատեց.
«Իհարկե, ինքս հասկանում եմ, որ դերասանի մասնագիտության մեջ մտնում է նկարահանվել յուրաքանչյուր տեսարանում: Բայց իմ պարագայում դա միակ բանն է, որ չեմ ընդունում: Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել: Ի դեպ, երբ ընտրեցի այս մասնագիտությունը, ծնողներս հենց սկզբից էլ դեմ էին, որ համարձակ կերպարներով հանդես գամ, ես էլ խոստացա, որ նման իրավիճակներում ինձ չեն տեսնի: Ինչ վերաբերվում է ընկերոջս հայացքներին, իհարկե, նա էլ այդ ամենին դեմ կլինի, քանի որ այդ առումով խիստ է»:
Դերասանուհու համար շատ կարևոր է, որ գլխավոր կերպարներում հանդես գա.
«Չեմ ուզում փոքր դերեր խաղամ, ուզում եմ գլխավոր կերպարներ լինեն: Իհարկե, ընդունում եմ հայտնի խոսքը, որ փոքր դերեր չկան, կան փոքր դերասաններ, բայց ինձ հաճելի է ակտիվ լինել ու անընդհատ խաղալ, այլ ոչ թե մի նախագծի մեջ մի քանի անգամ միայն հանդես գալ»,- նկատեց նա:
Խոսելով «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում իր կերտած բացասական հերոսուհու մասին՝ Եվան նշեց, որ հանրության կողմից իրեն իր հերոսուհու հետ նույնացնելու խնդրի առաջ չի կանգնել.
«Հետաքրքիրն այնն է, որ բացասական հերոսուհիս այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել ինձ վրա: Պատահել է, որ մարդիկ ինձ խանությում տեսնում էին ու ասում, թե ինչու եմ վատ դեր խաղում, երբ այդքան անուշիկ արտաքին ունեմ: Շատերից եմ գովասանքի խոսքեր լսել, ըստ որի, կարողացել եմ բացասական հերոսուհու մարմնավորել այնպես, որ մարդիկ հավատան: Միաժամանակ, անկեղծորեն պետք է նշեմ նաև, որ մի քանի դեպքեր եղել են, երբ մեծահասակներն ասել են՝ «Թաղեմ քեզ, ինչի խեղճ կնոջը սպանեցիր»: Ի դեպ՝ սիրում եմ բացասական դերեր կերտել, քանի որ դրա մեջ շատ գույներ կան, իսկ դրական կերպարներ, թերևս, բոլորն էլ կարող են կերտել: Թեև պետք է նկատեմ նաև, որ «Փոխանկ մայր»-ում բավականին մեծ հոգեբանական ճնշումների եմ ենթարկվել, երբ պետք է կերտեի մեկին, ով այնքան չար էր, որ պատրաստ եղավ անգամ մարդ սպանել»,- նշեց նա:
Ի դեպ՝ եվա Բաղդասարայնը վերջնականապես հրաժարվել է մոդելային կարիերայից.
«Հասկացա, որ Հայաստանում մոդելինգ շատ ցածր մակարդակում է: Ես ընտրություն պետք է անեի դերասանության և մոդելինգի միջև և ընտրեցի արվեստի ուղին»,- հավելեց նա:
Զրույցի վերջում փորձեցինք տեղեկություններ իմանալ նաև Եվայի անձնական կյանքից, բայց դերասանուհին հրաժարվեց մանրամասներ հայտնել.
«Չեմ սիրում, երբ աղջիկներն ընկեության ընթացքում լուսանկարներ են հրապարակում, անդադար խոսում են իրենց սիրելիների մասին: Երբ կամուսնանամ, այդ ժամանակ էլ ավելի մանրամասն կխոսեմ սիրելիիս մասին»,- նշեց նա, իսկ մեր նկատառմանը, թե ե՞րբ են նախատեսում օրինականացնել հարաբերությունները, պատասխանեց.
«Դեռ հստակ չգիտենք: Այդ հարցը թողել ենք Աստծո կամեցողությանը: Հիմա ավելի թեթև գրաֆիկ ունեմ, գուցե և սկսենք մտածել այդ ուղղությամբ»: