Լիվերպուլը Beatles-ի ալբոմի 50-ամյակը կնշի արվեստների մեծ փառատոնով
Advertisement 1000 x 90

Լիվերպուլը Beatles-ի ալբոմի 50-ամյակը կնշի արվեստների մեծ փառատոնով

Լիվերպուլը Beatles-ի «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» լեգենդար ալբոմի թողարկման 50-ամյակը կնշի ժամանակակից արվեստների մեծ փառատոնով. 13 երաժիշտներ, նկարիչներ և ռեժիսորներ կներկայացնեն ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են ալբոմի 13 երգերից յուրաքանչյուրի մոտիվներով:

«Սերժանտ Փեփերը 50 տարեկան է. ճանապարհ դեպի տուն» խորագրով փառատոնը կանցկացվի մայիսի 25-ից մինչև հունիսի 16-ը, դրա ծրագրում թատերական և պարային բեմադրություններ են, կինոֆիլմեր, երաժշտական ստեղծագործություններ և սթրիթ-արտի տարրեր, որոնք ստեղծվել են երիտասարդ, բայց արդեն հայտնի բրիտանացի ու օտարերկրյա նկարիչների ու բեմադրիչների կողմից:

Beatles-ի նշանավոր ալբոմը թողարկվել է 1976 թվականի հունիսի 1-ին, խմբի հարազատ քաղաքում դրա 50-ամյակը նշելուն աջակցել են քաղաքապետարանը և մշակութային կազմակերպությունները՝ ճանաչելով «լիվերպուլյան քառյակի» նշանակալի ավանդը քաղաքի մշակութային ու տնտեսական զարգացման գործում:

Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը հետաքրքիր է լինելու ոչ միայն նրանց համար, ովքեր ծանոթ են Beatles-ի ստեղծագործությանը, այլև երիտասարդությանը, որը կարող էր և չլսել նրանց երաժշտությունը:

«Ալբոմի 50-ամյակի շրջանակներում միջոցառումները գտնվում են որակի սանդղակի բարձր մակարդակի վրա, և գրավիչ կլինեն բոլորի համար: Փառատոնը նպատակ ունի ներգրավել շատերին, այլ ոչ թե միայն Beatles-ի երկրպագուներին»,- լրագրողներին ասել է Անգլիայի արվեստների զարգացման խորհրդի տնօրեն Էլիսոն Քլարքը:

Փառատոնը կբացվի մայիսի 25-ին՝ Մարկ Մորիսի Pepperland ամերիկյան պարային խմբի բեմադրությամբ: Ներկայացումը կդառնա պրեմիերա, բեմադրությունը Մեծ Բրիտանիայում կներկայացվի միայն Լիվերպուլում: Բեմադրության երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Էթան Իվերսոնը, նրա ստեղծագործության հիմքում ընկած են «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» լեգենդար ալբոմի «Իմ ընկերների ոչ մեծ օգնությամբ», «Օր՝ կյանքից», «Երբ ես կդառնամ վաթսունչորս տարեկան» և «Քեզ հետ և առանց քեզ» երգերը: Պարային խումբը մինչև մայիսի 27-ը ելույթ կունենա Royal Court քաղաքային թատրոնում:

Ծրագրի կենտրոնական բաղադրիչներից մեկը կդառնա ռեժիսոր Կարլ Հանթերի «Օր՝ կյանքից» ֆիլմի պրեմիերան՝ գրող Ֆրենք Բոյսի սցենարով: Ֆիլմը կնկարահանվի ալբոմի 50-ամյակի օրը, այն կցուցադրվի հունիսի 16-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: