Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում մարտի 25-ին կկայանա «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման պրեմիերան: Պիեսի հեղինակն է Մհեր Մկրտչյանը, բեմադրող ռեժիսորը՝ թատրոնի դերասան Գագիկ Մադոյանը, դերասանական կազմում են Անի Խաչիկյանը, Արծրուն Չոբանյանը, Գեորգի Հովակիմյանը, Անուշ Ռուսլանովնան, Լևս Դավթյանը, Սարգիս Վարդևանյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը և Հրաչյա Ներսիսյանը:
Life.panorama.am–ի հետ զրույցում գլխավոր դերակատար Արծրուն Չոբանյանը պատմել է ներկայացման որոշ մանրամասներկ և փորձաշրջանի մասին:
«Պիեսի գործողություննեը տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ գյխավոր հերոսներ, պրոդյուսեր Արթուրը և Մերին իրենց ամուսնական առաջին գիշերն են վայելում: Անհաջող մի կատակի պատճառով կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, ով ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Վերջինս փորձում է զավեշտական այս դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին՝ պարզել ստեղծված անախորժ իրավիճակը: Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլև փշրում նրա գեղեցիկ երազները: Թև գլխավոր հերոսները մի քանի տարի ապրել էին իրար հետ, բայց սա իրենց ամուսնական առաջին գիշերն է: Հերոսուհին իր կյանքը բոլորովին այլ կերպ է պատկերացրել, բայց այդ գիշեր փշրվում են իր պատրանքները: Միաժամանակ, հերոսուհու կյանքում տեղի են ունեցել դեպքեր, որը նա գաղտնի է պահել սիրելիից, ինչն էլ իր հետևանքն է ունենում»,- ներկայացման մասին խոսելիս՝ պատմեց դերասանը:
Մեր զրուցակիցի խոսքով՝ «Փշրված պատրանքների մի գիշեր» կատագերկության ասելիքներից մեկը կայանում է նրանում, որ հարկավոր է սիրել, բայց և միմյանցից գաղտնիքներ չթաքցնել ու չնեղանալ.
«Զույգերը կարող են հարաբերություններ պարզել, վիճել, բայց չդադարել սիրել ու չնեղանալ միմյանցից: Պետք չէ գաղտնիքներ ունենալ սիրելիից. Թերևս սա է այս կատագերկության ասելիքներից գլխավորը»,- հավելեց նա:
Արծրուն Չոբանյանն արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում.
«Թատրոնում իմ գործունեության ընթացքում հասցրել եմ մի շարք դերսանների հետ խաղալ, բայց որոշների հետ առաջին անգամ կլինեմ բեմում: Խոսքը կոնկրետ Գեորգի Հովակիմյանի և Լևս Դավթյանի մասին է: Ընդհանուր առմամբ՝ բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, ինչը լավ աշխատանքի գրավականն է: Ի դեպ՝ պետք է խոսեմ նաև ռեժիսոր Գագիկ Մադոյանի մասին, ով հետաքրքիր մտածողությամբ մարդ է, նրան վաղուց եմ ճանաչում ու թեև սա մեր համատեղ առաջին աշխատանքն է լինելու, բայց տպավորություն է, թե նախկինում էլ ենք աշխատել»,- նշեց Արծրունը:
«Փշրված պատրանքների մի գիշեր» ներկայացման առաջնախաղը կլինի մարտի 25-ին: Այն բեմում կլինի նաև մարտի 26-ին, ապրիլի 7-ին և 8-ին: Մեր զրուցակցի խոսքով՝ այս ներկայացումը թատրոնի խաղացանկ է ներմուծվել և այն հաճախ կբեմադրվի: