Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեծ պատիվ է համարում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը, սակայն առաջնային չի համարում այն:
«Ինձ համար այս մրցանակը ոչ մի բանով բացառիկ չէր: Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ դարձա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Կարծում եմ, այս մրցանակը ինձ հետագայում ավելի մեծ ուժ կտա, փորձելու եմ առավելագույնը անել, որ նորից արժանանամ այս մրցանակին»- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:
Խոսելով մրցակցության մասին՝ Մխիթարյանը փաստեց, որ մրցակցություն միշտ էլ կա:
«Կապ չունի, թե քանի անգամ եմ արժանացել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ կոչմանը: Ինձ համար բոլոր խաղընկերներս, ինձ ընկեր են և բոլորն էլ ինձ մրցակից են: Փորձում եմ այնպես անել, որ Հայաստան անունը բարձր պահեմ թե Անգլիայում, թե ամբողջ աշխարհում: Ինձ համար կարևոր է, որ Հայաստանի մասին հնարավորից շատ մարդ իմանա: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալը, սակայն դա առաջնային նպատակ չէ»,- ասաց Մխիթարյանը: