«Մոլորակի ժամը 2017» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում Հայաստանի կարգախոսն է «Մաքուր Հայաստան»-ը
Advertisement 1000 x 90

«Մոլորակի ժամը 2017» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում Հայաստանի կարգախոսն է «Մաքուր Հայաստան»-ը

Տեղի է ունեցել «Մոլորակի ժամը 2017» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը Հայաստանի մասնակցությանը նվիրված մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Բնության համաշխարհային հիմնադրամի»(WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը տեղեկացրել է, որ «Մոլորակի ժամը» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, գործարարներին և այլ շահագրգիռ կողմերին  իրազեկել բնապահպանական հիմնախնդիրների մասին: Այդ նպատակով կոչ է արվել մարտի 25-ին ժամը 20:30-ից 21:30-ին լույսերը մեկ ժամով անջատել՝ հանուն օրախնդիր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման: Կ. Մամվելյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է որոշելու օրվա սեփական կարգախոսը: Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան»-ը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր, ինչպես նաև բազմաթիվ շահագրգիռ կառույցներ, տեղական և միջազգային կազմակերպություններ:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը,  կոչ անելով միանալ «Մոլորակի ժամ» միջոցառմանը, տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ բնապահպանության և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները մինչև 2017 թվականի ապրիլի 17-ը պետք է մշակեն և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնեն «Մաքուր Հայաստան» նախաձեռնության գործողությունների ծրագիրն ու ժամանակացույցը։ Նախատեսվում է նաև նախաձեռնության գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը ներկայացնել հանրային քննարկման` ընդգրկելով համապատասխան հասարակական  կազմակերպություններին։

Ա. Վարդևանյանը նշել է, որ միջոցառումը չի սահմանափակվելու միայն աղբահավաքությամբ, այն ունենալու է համակարգային ու շարունակական բնույթ` ընդգրկելով իրավական կարգավորումներ և էկոկրթական միջոցառումներ` ուշադրության կենտրոնում պահելով առկա բնապահպանական խնդիրները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության վարչության պետ Արտաշես Բախշյանը նշել է, որ ասուլիսով մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում արդեն կատարվում են աղբավայրերի գույքագրման աշխատանքներ և առաջիկայում կմեկնարկեն մաքրման աշխատանքները: Բանախոսը տեղեկացրել է, որ ծրագիրը միջանկյալ միջոցառում է, իսկ ՀՀ կառավարության կողմից 2016 թվականին հաստատված ՀՀ 2017-2036 թվականների  կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության շրջանակներում իրականացվելու են խնդրի հիմնարար և համակարգային կարգավորման միջոցառումներ:



Նման նյութեր