Հոլիվուդյան դերասանուհի Գրետա Գարբոյի նյույորքյան բնակարանն առաջին անգամ վաճառքի է հանվել: Ինչպես հայտնել է ABC հեռուստաալիքը, դրա նախնական գինը կազմում է 5,95 մլն դոլար:
Գնորդներին շքեղ բնակարան է առաջարկվում Մանհեթենում՝ Իսթ-Ռիվերի նեղուցի հիանալի տեսարանով: 1951 թվականին Գրետա Գարբոն, որը 1905 թվականին ծնվել է Շվեդիայում, ԱՄՆ-ի քաղաքացիություն է ընդունել և երկու տարի անց բնակարան ձեռք բերել Նյու Յորքում, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջին օրերը:
Նա վախճանվել է 1990 թվականին 84 տարեկան հասակում, և այդ ժամանակվանից բնակարանը չի վաճառվել: Հարկաբաժինները զբաղեցնում են շենքի ամբողջ հինգերորդ հարկը, շենք, որտեղ ապրել են բազմաթիվ հոլիվուդյան դերասաններ և այլ հայտնիներ:
Ինտերիերը հիմնականում պահպանվել է այն տեսքով, որն ունեցել է նրա տիրուհու օրոք: Միայն խոհանոցն է նոր: 280 քառակուսի մետր մակերեսի վրա տեղաբաշխված են երեք ննջարանները, աշխատասենյակը և եղեք լոգարանները: Ինտերիերում գերակշռում են տաք վարդագույն և կանաչ գույները, պատերը հարդարված են մետաքսե գործվածքով:
Դերասանուհու եղբոր թոռան՝ Դերեք Ռեյսֆիլդի խոսքով, այս համադրությունը հիշեցնում է Ստոկհոլմի այն վայրը, որտեղ անցել է Գրետա Գարբոյի մանկությունը՝ «ջրին մոտ և արևի շատ լույս»: «Նրան դուր էր գալիս դիտել լողացող նավակներն ու նավերը»,- ասել է նա:
Ռեյսֆիլդը նաև հիշեցրել է, որ Գրետա Գարբոն նախընտրում էր բավականին մեկուսացված կյանք վարել, քանի որ «երբեք չի ցանկացել մասնակցել Հոլիվուդի այդ ամբողջ կրկեսին»: Դերասանուհին խուսափում էր հանրային միջոցառումներից, հարցազրույցներ չէր տալիս, բայց նրան դուր էին գալիս զբոսանքները Նյու Յորքով: «Նա սիրում էր Նյու Յորքը, որի փողոցներով կարող էր երկար քայլել՝ գրեթե անճանանչ մնալով այլ մարդկանց կողմից»,- նշել է Ռեյսֆիլդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: