«Ինձ նայելիս դժվար է պատկերացնել, որ ես դպրոցում շատ լավ եմ սովորել և գերազանցիկ եմ եղել: «Դոդիկ» չեմ եղել, բայց լավագույն սովորողն էի»,- այս մասին նշեց դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը «Step by Step with successful people» ֆորումի շրջանակներում, որն արդեն 3-րդ անգամ է, ինչ հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդիպել հայտնիների հետ, ովքեր կիսվում են իրենց հաջողությամբ բանաձևով:
«Բոլորի համար տարբեր են հաջողության ճանապարհները, բայց մի քանի բաներ կան, որ միանշանակ են։ Օրինակ` անկարևոր է հնչում, որ ասեմ սովորելը շատ կարևոր է։ Ծնողներն այնքան են ասում, որ զզվեցնում են։ Դպրոցում աչքի եմ ընկել իմ գիտելիքներով։ Իմ ուժերով ընդունվել եմ բուհ։ Համալսարանում էլ լավ եմ սովորել, բայց արդեն 2-րդ կուրսից արդեն ընտրել էի իմ ճանապարհը` КВН-ը»։
Դերասանի խոսքով` ցանկացած պարագայում և անկախ ընտրած ուղուց` շատ կարևոր է դրական մտածողությունը, որովհետև որևէ մեկը չի սիրում մռայլ մարդկանց:
Վաչե Թովմասյանը ընդգծեց նաև, որ շատ կարևոր է հեշտությամբ մարդկանց բաց թողնել կյանքից: Ըստ նրա` երբ տարիներ առաջ իրեն ասում էին, որ օրինակ` իր դպրոցական ընկերներն իր կողքին չեն լինելու, չէր պատկերացնում, սակայն այսօր նրանցից որևէ մեկը չկա իր կյանքում, սակայն դա ունի իր դրական ազդեցությունը.
«Մարդը պետք է անընդհատ նոր մարդկանց հետ շփվի, որովհետև նույն մարդկանց հետ շփումը բերում է լճացման, իսկ հակառակ դեպքում` դրանք տալիս են նոր հնարավորություններ: Ինչքան շատ մարդկանց հետ ես շփվում, այնքան ավելի շատ ինֆորմացիա, նոր առաջարկներ ես ստանում։ Իմ ճանապարհին շատ անգամ եղել եմ ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Տանը նստած՝ չէի լինի այնտեղ, ինձ մոտ ինչ-որ բան չէր ստացվի։ Լավ մարդկանց պիտի «բռնես», որովհետեւ նրանք քիչ են»:
Դերասանը խոստովանեց նաև, որ ներկայումս դերասանությունից և պրոդյուսերությունից բացի զբաղվում է նաև բիզնեսով` ծիրանի արտահանմամբ, ավելին` այդ հարցում բավական խստապահանջ է, որովհետև իրեն կարող են չսիրել, կարևորը, որ իր գործն առաջ գնա: Իսկ նկատառմանը, որ ինքը նման է պատգամավորի, պատասխանեց, որ իրականում ինքն այդքան էլ լավ մարդ չէ, ինչպես պատկերացնում են և ունի պատգամավոր դառնալու բոլոր նախադրյալները: Իսկ միջոցառման հանդիսավար, ArmComedy հաղորդավար Սերգեյ Սարգսյանն էլ, լսելով, որ Վաչեն այդքան խստապահանջ է իր աշխատակից տատիկների հանդեպ, ասաց, որ նա նման է Շմայսին:
«30 հեկտար այգի ունեմ ու մոտ 20 աշխատող, որոնց ասում եմ, թե որն ինչպես անել։ Իսկապես, ուսումնասիրել եմ այդ ոլորտն ու հիմա շատ բան գիտեմ։ Այս ամենից հասկացել եմ, որ ցանկացած բանի պետք է լուրջ մոտենալ: Ես այսօր ունեմ երկու աշխատանքային խումբ` սիթքոմի թիմը և 50-ին մոտ տատիների փորող «բրիգադ». ղեկավարի երկու մոդել կա. երբ քեզ սիրում են, ու իրենց աշխատանքն անում են՝ սիրուց, հարգանքից ելնելով։ Մյուս մոդելը, երբ քեզնից վախենում են, որ կարող է իրենց հեռացնես աշխատանքից։ Պետք է սպեցիֆիկ հասկանալ, թե ղեկավարի որ մոդելը կարելի է կիրառել։ Օրինակ՝ գյուղատնտեսության բիզնեսում ես խիստ եմ, իսկ երկրորդ տեղում՝ ինձ սիրում են։ Կարևոր է մանրուքների վրա ուշադրություն դարձնելը, հենց մանրուքներն են ստեղծում գործը»։
Նշենք, որ Վաչե Թովմասյանից բացի հաջողության հասնելու իրենց տարբերակներն էին առաջարկում նաև դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանը, մոդել, հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը և Teach for Armenia ծրագրի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը:
Ամբողջությամբ՝ asekose.am