ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասում հատուկ ակցիա է կազմակերպել, որի շրջանակում մասնակիցները պահանջել են մերժել թուրքական արտադրության ապրանքները:
Բողոքի ակցիային մասնակից մի քանի տասնյակ հայ երիտասարդներ պահել են Հայաստանի դրոշներ ու գրություններ` կոչ անելով չհարստացնել թշնամուն:
«Մենք` որպես հայ դատի հավատարիմ պաշտպաններ, պահանջատեր երիտասարդներ, մերժում ենք թուրքական արտադրությունների վաճառքը հայերի շրջանում ու մանավանդ Բուրջ Համուդից ներս: Մերժում ենք թուրքական հեռուստաընկերությունների քաջալերումը հայ տներում, դեպքի Թուրքիա զբոսաշրջությունը: Մենք քաջ գիտենք, որ նույն ինքը` Թուրքիան է մեր այսօրվա դժբախտության պատճառը: Մենք ունենք հայրենիք, սակայն այժմ գտնվում ենք հայրենիքից դուրս, օտար ափերում ցիրուցան եղած: Հայապահպանության մեր ջանքերը սփյուռքում ազգի փրկության միակ ուղին են»,- հայտարարել է Լիբանանի երիտասարդական միության ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ թուրքական վաճառված ապրանքների գումարով Արցախում հայ զինվոր է սպանվում:
Հավաքվածները բղավել են՝ «Մի հարստացրեք թշնամուն», «Անդուլ պայքար, աննահանջ երթ»: