50-ամյա երգչուհի Բյորկ Գվյուդմյունդսդոուտիրը (Björk Guðmundsdóttir) սիրում է խոսել գաղտնիքներով և առեղծվածներով: Esquire ամսագիրը հավաքագրել է Բյորկի ամենահետաքրքիր մտքերը, որոնք դարձել են նրա կյանքի կանոնները:
1. Ես արյան շատրվան եմ՝ աղջկա տեսքով:
2. Ես ձայնագրեցի իմ առաջին ալբոմը 11 տարեկանում: Մեզ մոտ՝ Իսլանդիայում, կա ռադիո-շոու, որտեղ կարող էին գալ բոլորը, ովքեր ինչ-որ բան լավ էին անում: Մեկը հնարքներ էր անում, մյուսը զբաղվում էր ակրոբատիկայով, իսկ ես երգում էի: Անգամ դպրոցի ավտոբուսում երգում էի: Ամենուր-ամենուր: Միշտ-միշտ: Դա միակ բանն էր, որ ես կարողանում էի: Ինչ-որ մարդ լսել էր իմ երգելը, զանգել էր մայրիկիս, գումար առաջարկել, որ ձայնագրեն իմ ալբոմը: Մայրս մտածել և համաձայնել էր, իմ կարծիքն անգամ չեն էլ հարցրել:
3. Երբ ես 18 տարեկան էի՝ Իսլանդիայից տեղափոխվեցի Անգլիա: Դա ինձ համար շոկային էր: Հեռվում թողածս Իսլանդիան խաղաղ էր, լուռ: Քայլում էի Անգլիայի փողոցներով, ու ամեն ինչ ինձ թվում էր կեղտոտ: Ես լվանում էի ձեռքերս նվազագույնը 5 անգամ: Բացի այդ, Անգլիայում ես առաջին անգամ տեսա ելակ:
4. Նորաձևությունն ինձ համար ֆաշիզմ է: Ամսագրերը, որոնք գրում են նորաձևության մասին, դիկտատորներ են: Նրանք անընդհատ հրամայում են՝ արա սա, հագիր այս, համադրիր այսպես: Կրել իր, որը նախորդ շրջանի է, ամենամեծ հանցագործությունն է, որ կինը կարող է թույլ տալ: Այդ ամենի մասին գրում են այնպես, որ թվում է, թե մեզ կախելու են հրապարակի կենտրոնում:
5. Ամերիկացի լրագրողներն ինձ վատ են հասկանում: Երբ ես հայտնվում եմ ինչ-որ տեղ իմ սիրելի հագուստով, նրանք սկսում են իմ մասին վատ բաներ գրել: Նրանց թվում է, որ ես ամեն ինչ անում եմ Ջենիֆեր Էնիսթոնին նման լինելու համար:
6. Ինձ դուր չի գալիս հայտնի լինելը: Հայտնի լինելը սպասարկման ոլորտում աշխատելու պես բան է: Օրինակ՝ ինչպես զուգարան մաքրելը:
7. Երաժիշտ լինելը շատ հեշտ է: Իմ տունը լի է երաժշտական գործիքներով: Այն միշտ լիքն է երաժշտությամբ: Բայց ես երբեք չեմ գնում պրեմիերաների կամ երեկույթների:
8. Ես կարոտում եմ ռիթմը: Երբ ես 14 տարեկան էի, ես նվագում էի աղջկական փանկ խմբում, նվագում էի հարվածային գործիքների վրա: Դրա համար մինչև հիմա, երբ խոսքը ռիթմի մասին է, ես դառնում եմ շատ զգայուն:
9. Ինձ համար մարդկությունը մի մեծ ցեղ է: Պետք է ընդունել դա և թողնել բոլոր կրոնները հանգիստ: Ինձ թվում է՝ աշխարհը հոգնել է ինքնասեր հավատացյալներից: Մենք ռիթմի կարիք ունեցող կենդանիներ ենք:
10. Եթե ես հնարավորություն ունենայի փոխել աշխարհը՝ առաջին հերթին՝ կվերացնեի կրոնը: Վատ սկիզբ չէ, կարծում եմ: Այսօր կրոնը միայն ավերածությունների և թշնամության հիմք է:
11. Ես միշտ դիտարկել եմ ֆուտբոլը՝ որպես բերրիության համար խաղարկվող հեթանոսական տոն: 11 սպերմատոզոիդներ սլանում են դաշտով մեկ՝ փորձելով մտնել ձվաբջիջ: Այս տեսանկյունից ես միշտ շատ խղճացել եմ դարպասապահին:
12. Ինձ թվում է՝ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցող դեպքերի մասին խոսելու համար պետք է երգ գրել: Ես համոզված եմ, որ պետք է նստել և երգ գրել ինչ-որ ուրիշ բանի մասին: Ես կարծում եմ, որ այս աշխարհում Աստծուց ու Բեն Լադենից այն կողմ էլի բաներ կան:
13. Վերջին ժամանակներում ես երկար ժամանակ եմ անցկացնում լրատվական կայքերում, քանի որ ցանկանում եմ իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում: Վերջիվերջո, անգամ սուպերմոդելներն են իրար մեջ խոսում միջազգային քաղաքական հարցերի մասին: Դրանից արդեն ոչ մի տեղ չես փախչի: Ես ձգտում եմ ավելի շատ իմանալ իսլամի մասին:
14. Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի ինչ-որ առաքելություն: Իմ առաքելությունն ամեն ինչ արագ-արագ անելն է: Ես փորձել եմ 900 բաներից ավելի, որպեսզի իմանամ, որ ես փորձել եմ այդ ամենը:
15.Ես չեմ սիրում դուետները, չեմ սիրում աշխատել ինչ-որ մեկի հետ: Ես պարզապես չունեմ դրա ժամանակը: Եթե ես անգամ ունենայի 500 տարի, միևնույն է, կխուսափեի այդ ամենից: Իմ աշխատանքի 90 տոկոսը ես եմ անում և շատ եմ ուզում, որ այդ տոկոսը շարունակի աճել:
16. Երբեք հիփ-հոփով չեմ զբաղվի: Ես Իսլանդիայից եմ:
17. Կարծում եմ, որ Իսլանդիայում շատերն ինձ չեն սիրում, քանի որ չեն հասկանում անգլերեն:
18. Իսլանդացիներից շատերի նման՝ ես սիրում եմ հարբել: Դա հաճախ չի պատահում, սակայն, երբ լինում է, ամեն ինչ նմանվում է քաոսի:
19. Ես կարծում եմ, որ հարբելու կարիք չկա, եթե ես չեմ պատրաստվում պարել մինչ սպառվելը և լինել վայրի:
20. Ես ինձ դուր չեմ գալիս միայն այն ժամանակ, երբ հոգնած եմ: Ես երբեք ինձ չեմ ասել, որ այսօր ես ուզում եմ լինել գեղեցիկ: Ես երբեք չեմ ուզում հոգնած տեսք ունենալ: Եթե ինձ ցույց տաք 2 լուսանկար, որտեղ առաջինում ես սարսափելի տեսք ունեմ, իսկ մյուս նկարում հոգնած լինեմ, ապա ես կանհանգստանայի միայն երկրորդ անգամ:
21. Չկա ավելի սարսափելի բան, քան ամբողջովին վարդագույն հագնված աղջիկը:
22. Աստված, պահպանիր համացանցը: Բոլոր զբաղված, տաղտկալի մարդիկ, ովքեր ուզում էին փոխել երաժշտությունը, անմիջապես ընկղմվեցին դրա մեջ:
23. Տարօրինակ է խոստովանել, բայց ես միշտ երազել եմ ֆերմեր լինել:
Սիրարփի Աղաբաբյան
14 Դեկտեմբեր, 2015 թ.
168.am