Որքանո՞վ կարմիր քարտն ազդեց Հայաստանի հաղթանակի վրա. մեկնաբանում են հայ և ղազախ ֆուտբոլիստները
Advertisement 1000 x 90

Որքանո՞վ կարմիր քարտն ազդեց Հայաստանի հաղթանակի վրա. մեկնաբանում են հայ և ղազախ ֆուտբոլիստները

Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հանդիպել էին Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականները: Մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ:

Խաղավարտին իրենց կարծիքներով են կիսվել երկու հավաքականների ներկայացուցիչները: Գլխավոր հարցը, որին պատասխանում էին ֆուտբոլիստները, այն էր, թե ինչքանով ազդեց խաղի արդյունքի վրա երկրորդ խաղակեսում Մալիի ստացած կարմիր քարտը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը գոհ էր հանդիպումից՝ նշելով, որ չի հիշում մի պահ, որ մրցակիցը կատարած լինի վտանգավոր գրոհ:

«Վերահսկում էինք խաղը և արժանի հաղթանակ տարանք:

Չեմ կարող ասել, թե ինչքանով կարմիր քարտն ազդեց հաղթանակի վրա, քանի որ մենք դրանից հետո էլ նույն կերպ էինք գործում՝ ճնշում էինք գործում և պրեսինգ էիք իրականացնում: Միգուցե մրցակիցը մի փոքր շուտ հոգնեց, բայց դա արդեն իրենց գործն էր, մեր գործն այս խաղում հաղթելն էր»:

Ըստ Արթուր Սարկիսովի՝ այս խաղը շատ բարդ էր, քանի որ մրցակիցը շատ էր գրոհում, սակայն հավաքականը կարողացավ անել այն, ինչ իրենցից պահանջում էին մարզիչները:

«Միշտ ավելի հեշտ է խաղալ 9 ֆուտբոլիստի դեմ, բայց կարծում եմ, որ, ամեն դեպքում, մենք մեր գոլը կխփեինք:

Սա ֆուտբոլ է, ու նորմալ է, որ առաջին կեսում չէինք կարողանում իրականացնել պահերը: Գոլերը եկան երկրորդ կեսում»:

Երկար դադարից հետո հավաքական վերադարձած Էդգար Մանուչարյանը նշում է, որ հավաքականն առաջին կեսում իր համար խնդիրներ ստեղծեց՝ չիրականացնելով իրական պահերը, սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ կարգավորվեց:

Խաղի միակ բացասական բանը Գևորգ Ղազարյանի վնասվածքն է, հույս ունենք, որ նա շուտ կվերադառնա խաղադաշտ:

«Կարմիր քարտը, իհարկե, ազդեց խաղի վրա: Չեմ կարող ասել, որ այն ամբողջությամբ փոխեց խաղը, բայց մենք սկսեցինք ավելի հարձակվողական խաղալ, նրանց համար էլ դժվար էր պաշտպանվելը»:

Էդգար Մանուչարյանը հավաքական վերադարձավ Արթուր Պետրոսյանի օրոք: Ֆուտբոլիստը նշում է, որ հիմա հավաքականն ավելի հարձակվողական ֆուտբոլ է խաղում, և մարզիչը շատ բան է փոխել թիմում:

Եթե հայ ֆուտբոլիստները կարծում են, որ կարմիր քարտը շատ բան չփոխեց խաղում, ապա այդպես չեն մտածում Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչը:

Հանդիպման ընթացքում կարմիր քարտ ստացած ղազախ պաշտպան Սերգեյ Մալին նշում է, որ պարտության մեջ միակ մեղավորը հենց ինքն է:

«Հանդիպումը շատ բարդ էր: Մենք պարտվեցինք մեր իսկ թույլ տված սխալների պատճառով:

Ես հասուն մարդ եմ և հասկանում եմ, որ պարտության մեջ մեղավորը ես եմ, և տղաները կապ չունեն: Թիմն ամեն ինչ արեց հաղթանակի համար, այնպես որ, պետք է արժանին մատուցել նրանց»,- նշում է Մալին:

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը խաղավարտին նշեց, որ մինչև կարմիր քարտը հավաքականի տղաները խաղում էին՝ ըստ ծրագրի: Մարզիչը կարծում է, որ ղազախ ֆուտբոլիստները վերահսկում էին խաղը, սակայն կարմիր քարտից հետո ամեն ինչ փոխվեց:

«Առաջին խաղակեսում մրցակիցն առավելություն ուներ, իսկ երկրորդ կեսում մենք կարողացել էինք հավասարեցնել խաղը: Մաղթում եմ Հայաստանի հավաքականին շարունակել պայքարն ուղեգրի համար»,- նշում է Բորոդյուկը:

Սիրարփի Աղաբաբյան