Տարակարծություններ PSA-ի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տարակարծություններ PSA-ի մասին

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:

Սակայն PSA-ի բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ կապված չէ շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է լինում շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո կարող է նույնպես նկատվել PSA-ի բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մասաժ, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել ևայն։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը ևայլն։ PSA-ի սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսյալ տարին մեկ անգամ կատարել այս քննությունը։ Այս քննությունը կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA-ի նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձր՝ տարին 2 անգամ։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտման մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և վերջապես՝ շագանակագեղձի բիոպսիա։

Շատ հաճախ PSA-ի հետազոտման արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե հիվանդի և թե նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսին են ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։

PSA-ը նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար նրա բարձրացումը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։

Ամփոփ խորհուրդներ։

45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։

Ուրոլոգի ցուցումով կատարել՝ PSA քննություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում ուղիղաղիքային սոնոգրաֆիա։

Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։

Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։

Ուրոլոգի կողմից PSA-ի և հետազոտման այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոպսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

urolog.am